18 սեպտեմբերի 2019 - 10:46 AMT
Ալեքսանյան. Վնասվածքը խանգարեց, բայց դեռ շատ եմ հաղթելու, դուք էլ՝ ուրախանալու

Օլիմպիական չեմպիոն, Եվրոպայի քառակի և աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանում ըմբշամարտի աշխարհի առաջնությունից հետո շնորհակալություն է հայտնել երկրպագուներին աջակցության համար։ Կողոսկրի վնասվածքի պատճառով մարզիկը չէր մասնակցել առաջնության եզրափակիչ գոտեմարտին՝ վերցնելով միայն առաջնության փոխչեմպիոնի տիտղոսը:

«Անչափ շնորհակալ եմ բոլորիցդ՝ ինձ երկրպագելու և դժվար պահին սատարելու համար: Շատ եմ ցավում, որ լուրջ վնասվածքը խանգարեց հաղթանակի բերկրանք պարգևել ձեզ: Հավատացնում եմ, որ դեռ շատ եմ հաղթելու, դուք էլ շատ եք ուրախանալու: Աստված բոլորիս պահապան»,- Instagram-ի իր էջում գրել է ըմբշամարտիկը:

Արթուր Ալեքսանյանը վնասվածք էր ստացել առաջնության 1/8–րդ եզրափակիչում թուրք ըմբիշ Չենք Իլդեմի հետ գոտեմարտի ժամանակ: Դրանից հետո նա ևս երկու գոտեմարտ էր անցկացրել Իրանի ու Վրաստանի ներկայացուցիչների հետ՝ 97 կգ քաշային կարգում նվաճելով փոխչեմպիոնի կոչումը և 2020թ․ Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր։ Սակայն կողոսկրի վնասվածքի պատճառով նա չի չէր մասնակցել եզրափակիչ գոտեմարտին։