23 սեպտեմբերի 2019 - 10:35 AMT
Փաշինյանը ճիշտ է համարում ՀՀ-ից դուրս քաղաքացիների չքվեարկելը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է համարում այսօրվա կարգավորումը արտասահմանում գտնվող ՀՀ քաղաքացիների՝ ընտրություններին մասնակցելու մասով։

Այս մասին նա հայտարարել է Լոս Անջելեսում մամուլի ասուլիսի ժամանակ։

«Եթե մենք ասում ենք,որ սփյուռքի քաղաքացիներին ընտրելու իրավունք ենք տալիս, նշանակում է, որ իրանց համար պիտի տանք նույն ենթակառուցվածքը։ Այսինքն ամեն 2000 ընտրողի համար մի տեղամաս պտի ստեղծենք։ Այդպես կարող է ստացվստացվի, որ ընտրողների 20 տոկոսը ՀՀ-ում է, 80 տոկոսը՝ ՀՀ-ից դուրս», - ասել է նա՝ շեշտելով, որ դա ազգային անվտանգության խնդիր է։

Փաշինյանը ասել է, որ սխալ կլինի նաև երկրներում 1-2 տեղամաս բացելը, որովհետև, եթե, օրինակ, բացել տեղամաս Նովոսիբիրսկում՝ ակնկալիքով, որ Յակուտսկից հայը կգա քվեարկելու, նույն հաջողությամբ կարելի է ակնկալել, որ այդ մարդը քվեարկելու համար Հայաստան կգա։ Բացի այդ, անհնար կլինի ապահովել թեկնածուների հավասար հնարավորությունները՝ հարուստ թեկնածուն կկարողանա քարոզարշավ անցկացնել արտասահմանում, աղքատը՝ ոչ։

Միաժամանակ, Փաշինյանը նշել է, որ սխալ է համարում այն կարգավորումները, որոնք խոչընդոտում են Սփյուռքի անդամներին մասնակցել ՀՀ կառավարմանը՝ օրինակ, կառավարության անդամների առջև դրվող, 4 տարի ՀՀ-ում ապրելու ու միայն ՀՀ անձնագիր ունենալու պահանջը։ Դա նա համարել է սփյուռքի ներուժի ներգրավման սահմանափակում, սակայն և շեշտել է, որ դրույքը սահմանադրության մեջ է ներառված։

Խոսելով Հայաստան-Սփյուռք հարաբերությունների իր տեսլականի մասին, նա նշել է, որ ամենակարևոր խնդիրը հայեցակարգային և գաղափարական առումով սահմանը վերացնելն է, որպեսզի ավելի ու ավելի շատ հայեր իրենց համարեն ՀՀ շահառու, իրենց ասոցացնեն Հայաստանի հետ, ու դրանով վերանան կառուցակարգային սահմանները Հայաստանի ու Սփյուռքի միջև։

«Դրա տարբեր ձևեր կան, և ամենակարևորը՝ որ բոլոր հայերն ունենան ՀՀ անձնագիր», - շեշտել է նա։