PanARMENIAN.Net-ի հավաստի աղբյուրների համաձայն` արցախյան կողմը թույլ է տվել, որ դիվերսիայի եկած ադրբեջանցի զինծառայողի դին դուրս բերվի միջդիրքային տարածքից։
Ավելի վաղ ադրբեջանական կողմը հայտնել էր, որ Կարմիր խաչի միջնորդությամբ բանակցություններ են տարվում ադրբեջանցի զինծառայողի դին ստանալու ուղղությամբ։
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ-արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ:
ՊԲ դիրքապահ անձնակազմի գրագետ գործողությունների արդյունքում՝ հակառակորդը, չեզոք գոտում թողնելով մեկ դիակ, հետ է շպրտվել իր ելման դիրքերը: ՊԲ-ն որևէ կորուստ չի ունեցել:
Դիվերսիոն ներթափանցման փորձի որոշ դրվագներ արձանագրվել են ՊԲ տեսանկարահանող սարքերի կողմից: