24 սեպտեմբերի 2019 - 14:24 AMT
Հայկ Հարությունյանի վերջին խոսքերի մասին հոդվածների հեղինակներին կանչել են Քննչական

Հայկ Հարությունյանի մահվան դեպքով հարուցված քրգործով համապատասխան գրություն է ուղարկվել Hayeli.am և Armlur.am կայքերի խմբագրություն՝ այդ լրատվամիջոցների հրապարակումների առթիվ: Այս մասին հաղորդել է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

Գրությունն ուղարկվել է՝ պարզելու Hayeli.am և Armlur.am կայքերում հրապարակված՝ «Ինձ պարտադրում են սուտ ցուցմունք տալ, ախր Ռոբերտ Քոչարյանն ու Գեղամ Պետրոսյանը մեղավոր չեն» Հայկ Հարությունյանի վերջին խոսքերը ինքնասպանությունից առաջ» և «Հայկ Հարությունյանը դեպքի պահին միայնակ չի եղել. հայտնի են նրա վերջին խոսքերը» վերտառությամբ հոդվածների հեղինակներին և գործով պարզաբանման ենթակա հանգամանքների վերաբերյալ նրանց հարցաքննելու համար:

Գլխավոր դատախազությունն ու Քննչական կոմիտեն արդեն հերքել են տարածված տեղեկությունն այն մասին, որ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը մահից առաջ մեղադրել է ՀՔԾ պետին ու Գլխավոր դատախազին իրենից Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Ռոբերտ Քոչարյանի ու Գեղամ Պետրոսյանի դեմ ցուցմունք կորզելու փորձերի մեջ։

2019 թվականի սեպտեմբերի 23-ին հայտնաբերվել է նախկին ոստիկանապետ, Մարտի 1-ի գործով վկա Հայկ Հարությունյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վիրավորումով: