24 սեպտեմբերի 2019 - 15:52 AMT
Ս․ Սարգսյանը՝ Հարությունյանի մահվան մասին․ Ինչպիսին էլ լինեն հանգամանքները՝ ողբերգություն է եղել

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հարությունյանների ընտանիքին` ՀՀ իրավապահ համակարգում երկար տարիներ տարբեր պատասխանատու պաշտոններ զբաղեցրած «և համակարգում իր վաստակն ունեցող ոստիկանության գեներալ-գնդապետ Հայկ Հարությունյանի ողբերգական և անժամանակ մահվան կապակցությամբ»: Այդ մասին ասվում է ՀՀ 3-րդ նախագահի ոչ պաշտոնական ֆեյսբուքյան էջում:

«Ինչպիսին էլ լինեն քննության արդյունքում պարզվելիք մահվան դեպքի հանգամանքները, կատարվել է ողբերգություն, և Ձեր ընտանիքը անդառնալի ու ցավալի կորուստ է ունեցել:

Այս դժվարին պահին խորապես ցավակցում և ձեզ հետ կիսում եմ ձեր վիշտը, ցավակցություն եմ հայտնում Հայկ Հարությունյանի բոլոր հարազատներին և մերձավորներին: Թող Աստված ձեզ մխիթարություն պարգևի, նաև ոգու ամրություն և կորով` կորստյան ցավը մեղմելու համար»,-ասված է ցավակցական հեռագրում:

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում` Հայկ Հարությունյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով՝ 2019 թվականի սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23: 59-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Բջնիի առանձնատներից մեկում դի կա:Դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբ, որտեղ գլխի շրջանում հրազենային վիրավորումով հայտնաբերվել է Հայկ Հարությունյանի դին:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են արնանման հետքեր, հրազեն և պարկուճ: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: