23 հոկտեմբերի 2008 - 20:28 AMT
Կ.Զատուլին. Արդեն վաղուց մշակվել է ղարաբաղյան լուծման փաթեթը, որը նախատեսում է ԼՂՀ ճանաչումն ու յոթ շրջանների վերադարձը
«Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Դմիտրի Մեդվեդեւի նախավերջին հանդիպումից հետո իրադրությունը Կովկասում որակապես փոխվել է, եւ մենք այժմ գործ ունենք նոր տարածաշրջանի հետ: Ռուսաստանը ներկայումս համարում է, որ տարածաշրջանում գոյություն ունի 5 պետություն, որոնցից մեկի` Վրաստանի հետ նրա հարաբերությունները ընդհատված են»,- այսօր տեղի ունեցած Երեւան-Մոսկվա հեռուստակամուրջի ժամանակ հայտնել է ՌԴ Պետական Դումայի ԱՊՀ գործերի եւ հայրենակիցների հետ կապերի գծով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, ԱՊՀ երկրների Ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը: Նրա խոսքերով, անխոս, հարց է ծագում` ինչպե՞ս իրեն կդրսեւորի ԼՂՀ-ն:
«Իհարկե, մենք պատկերացնում ենք, որ վերջին ժամանակներս Հայաստանի իշխանությունների նախաձեռնությամբ զսպվել են Հարավային Օսիայի եւ Աբխազիայի հետ Ղարաբաղի համագործակցության քայլերը: Բայց դրա հետեւում կանգնած էր հայկական կողմի այն հույսը, որ կհաջողվի այդ հակամարտությունը լուծել Երեւանի համար բարենպաստ տարբերակով»,- նշել է Զատուլինը եւ ավելացրել, որ Ռուսաստանի համար ծայրահեղ անշահավետ է, որպեսզի Հայաստանին եւ Ադրբեջանին չհաջողվի մեղմացնել կամ լուծել ղարաբաղյան հիմնախնդիրը, եւ որ ինչ-որ մեկի կողմից նախաձեռնվեն Վրաստանի իրադարձություններին համարժեք գործողություններ:
«Հարկ է նշել, որ Հարավային Օսիայի պատերազմի միջոցին իրադրության սրվածություն է նկատվել Ադրբեջանի եւ Ղարաբաղի ԶՈՒ շոշափման գծում: Արդեն վաղուց մշակվել է ղարաբաղյան լուծման փաթեթը, որը նախատեսում է ԼՂՀ ճանաչումն ու յոթ շրջանների վերադարձը»,- ընդգծել է ԱՊՀ երկրների Ինստիտուտի տնօրենը: Նրա խոսքերով, ՌԴ նախագահի` Երեւան կատարած այցից առաջ եւ հետո բազում հայտարարություններ են արվել այն մասին, որ բարձր մակարդակով խոսքը գնում է որոշակի ժամանակով սառեցված ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հստակ տարբերակների մասին:
«Անհրաժեշտ է տարածաշրջանում բացառել ցանկացած կարգի բռնությունը, երրորդ երկրների միջամտությունը, որոնք ինչ-որ պատճառներով կցանկանան աղ լցնել դեռ թարմ վերքերի վրա»,- նշել է Կոնստանտին Զատուլինը