24 հոկտեմբերի 2008 - 15:39 AMT
ԵԱՀԿ. Հայաստանում միջին խավի բացակայությունը հանդիսանում է անկայունության պոտենցիալ աղբյուր
Իր մանդատի եւ Հայաստանի կառավարությամբ ձեռք բերված համաձայնությունների շրջանակներում Եվրոպայի Անվտանգության եւ Համագործակցության Կազմակերպության (ԵԱՀԿ) երեւանյան գրասենյակը իրագործում է հանրապետության ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը, քաղաքացիական հասարակության ամրապնդմանը եւ ԵԱՀԿ արժեքների եւ սկզբունքների տարածմանն ուղղված զանազան ծրագրերի իրականացումը: Այդ առումով կազմակերպության երեւանյան ներկայացուցչությունը իրականացնում է ոստիկանության աշխատանքի ոճի եւ մեթոդի փոփոխման նախագիծը, ինչի արդյունքում ոստիկանությունը իսկապես ժողովրդավարական կդառնա եւ կծառայի քաղաքացիների շահերին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը: Նրա խոսքերով, այդ նախագիծը կօգնի վստահություն սահմանել քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ: Գալիք տարում ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը ծրագրում է իրականացնել զանգվածային անկարգությունների կանխման եւ հասարակական կարգուկանոնի ապահովման ոլորտում ոստիկանների նախապատրաստման մի նախագիծ:

Այդ ենթատեքստում Սերգեյ Կապինոսը ընդգծել է, որ աջակցություն է զգում հանրապետության իշխանությունների կողմից: Ինչպես հաղորդել է դեսպանը, ռազմա-քաղաքական ծրագրի հաջորդ ուղղությունը խորհրդարանի կողմից հանրապետության Զինված Ուժերի ժողովրդավարական հսկողությունն է: «Մենք կփորձենք բարձրացնել Հայաստանի Ազգային Ժողովի դերը որպես երկրի ուժային կառույցների նկատմամբ իշխանության եւ հսկող մարմնի առանձին ճյուղ: Ընդ որում, խորհրդարանը սերտ համագործակցելու է քաղաքացիական ինստիտուտների եւ օմբուդսմենի ինստիտուտի, զանազան ՀԿ-ների հետ»,- նշել է Սերգեյ Կապինոսը:

«Մեր գործունեության հաջորդ ուղղությունը տնտեսականն է: Տարածաշրջանում կայունության եւ անվտանգության կարելի է հասնել հանրապետությունում միջին խավի ստեղծման հաշվին: Ցավոք, հայկական հասարակության մեջ միջին խավը շատ համեստ տեղ է զբաղեցնում, ինչն էլ անկայունության պոտենցիալ աղբյուր է հանդիսանում»,- նշել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարը եւ ընդգծել, որ հենց այդ ազդեցություններով է պայքարելու կազմակերպության գրասենյակը: Բացի այդ, նրա խոսքերով, հստակ աշխատանքներ են իրականացվելու բնապահպանության, խոսքի ազատության, մարդու իրավունքների, արտագաղթի եւ թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտներում, քաղաքացիական ղեկավարման եւ այլ բնագավառներում:

Ինչպես նշել է Սերգեյ Կապինոսը, 2009թ. ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը հատուկ ուշադրություն կհատկացնի դատական համակարգի բարեփոխումների իրականացմանը: «Դատական համակարգի բարելավման անհրաժեշտության մասին խոսել է նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, եւ մենք պատրաստ ենք ամեն կերպ աջակցել այդ համակարգի բարեփոխմանն ուղղված կառավարական ջանքերը»,- նկատել է ԵԱՀԿ երեւանյան ներկայացուցչության ղեկավարը: