
Շտապօգնության կանչերի կենտրոնացման պիլոտային ծրագիր է մեկնարկում: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Այս պահին մարզերից բջջային և IP հեռախոսակապով 103 զանգահարելու դեպքում քաղաքացին միանում է Երևանի ՇՕ կայանին (բացի Վիվասելի բաժանորդներից), որը սակայն չի սպասարկում մարզերի կանչերը, այլ ուղղակի քաղաքացուն է փոխանցում մարզի տվյալ կայանի հեռախոսահամարը և քաղաքացին ստիպված է լինում կատարել երկրորդ զանգը մարզային համապատասխան կայան, ինչը երկարացնում է կանչի ընդունման և սպասարկման ժամանակը»,-ասվում է գրառման մեջ:
Նշվում է, որ պիլոտային ծրագրի շրջանակներում Արարատի, Արտաշատի և Վաղարշապատի ՇՕ կայանների բոլոր կանչերը կգան Երևանի ՇՕ կայան, որտեղից առանց հավելյալ զանգի անհրաժեշտության կփոխանցվեն համապատասխան կայան:
«Ծրագրի արդյունքներն ամփոփելուց հետո այն կտարածվի ամբողջ երկրի վրա: Հիշեցնեմ նաև որ վերջին 2 ամիսների ընթացքում Երևանի և մարզերի ՇՕ կայանները համալրվել էին հավելյալ հերթափոխներով, ինչը էականորեն բարելավել է կանչերի սպասարկման ժամանակը և որակը: Շտապօգնության բարեփոխումները շարունակական են լինելու»,-ասվում է գրառման մեջ: