1 հոկտեմբերի 2019 - 10:35 AMT
ԱԺ-ում քննարկում են Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցումը

Ազգային ժողովում քննարկում են Սահմանադրական դատարանի նախագահՀրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցը։

Ընդհանուր առմամաբ ԱԺ օրակարգում 19 հարց կա: Բացի վերոնշյալ հարցից քննարկվելու է նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխության, «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխությունների հարցերը, ինչպես նաև մի շարք այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու և մի շարք այլ հարցեր:

Ազգային Ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ որոշման նախագծին:Նախագիծը հեղինակել է «Իմ քայլը» խմբակցությունը:

Ավելի վաղ նախագծի հիմնական զեկուցող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը նշել էր, որ կա կա առերևույթ կասկած, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ ՍԴ-ում քննվող գործի շրջանակում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը էական կարգապահական խախտում է թույլ տվել:

Պատգամավորը հիշեցրել է, որ մինչ ՍԴ անդամ դառնալը Թովմասյանը եղել է ՀՀԿ անդամ, զբաղեցրել է մի շարք առանցքային պաշտոններ: Թովմասյանի և Քոչարյանի պաշտպաններից մեկի միջև կա հարազատական կապ` նա փաստաբան Արամ Օրբելյանի քավորն է: Գրիգորյանի խոսքով՝ ոչ թե զուտ քավոր-սանիկ հարաբերություններն են որոշման համար հիմք համարվել, այլ այն, որ Թովմասյանը գործի քննության ժամանակ չի բարձրաձայնել այդ մասին և ինքնակամ չի հեռացվել վարույթից: