25 հոկտեմբերի 2008 - 16:56 AMT
ANCA. Օբամայի վարչակազմը շատ ավելի լավ կներկայացնի ԱՄՆ հայերի շահերը, քան ՄըկՔեյնի վարչակազմը
Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը (ANCA) պաշտոնապես հայտնել է դեմոկրատներից ԱՄՆ նախագահի թեկնածու Բարակ Օբամային եւ փոխնախագահի թեկնածու Ջո Բայդենին սատարելու մասին:

«Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը պաշտոնապես իր աջակցությունն է հայտնում Բարակ Օբամային: Մենք սատարում ենք նրա թեկնածությունը այս տարվա հունվարից սկսած ինն ամսվա ընթացքում: Հաշվի առնելով Բարակ Օբամայի համարձակ հայտարարությունները եւ մեր տեսակետն այն քաղաքականության վերաբերյալ, որը պետք է վարի ԱՄՆ նախագահը` մենք հավատում ենք, որ Օբամայի եւ Ջո Բայդենի վարչակազմը շատ ավելի լավ կներկայացնի մեր շահերը, քան դա կանի Ջոն ՄըկՔեյնի վարչակազմը»,- հայտնել է ANCA-ի նախագահ Քեն Խաչիկյանը:

Ինչպես ասվում է Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի հայտարարության մեջ, դեմոկրատներից ԱՄՆ փոխնախագահի թեկնածու Ջո Բայդենը, որը հանդիսանում է ԱՄՆ սենատում Հայաստանի եւ հայկական համայնքի շահերի ամենահայտնի պաշտպաններից մեկը, երեք տասնամյակների ընթացքում բարձրացրել է Ամերիկայի հայերին հուզող հարցեր:

Իսկ հանրապետականներից նախագահի թեկնածու Ջոն ՄըկՔեյնը Կոնգրեսում իր տարած աշխատանքների ընթացքում ամեն կերպ խոչընդոտել է հայերին հետաքրքրող հարցերի անցկացմանը: