Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է նվազագույն աշխատավարձը 68,000 դրամ սահմանող օրինագիծը:
«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթին 1 պատգամավոր է դեմ քվեարկել:
Օրինագիծը հեղինակել էին Բաբկեն Թունյանը, Վարազդատ Կարապետյանը և Նարեկ Զեյնալյանը:
ԱԺ հոկտեմբերի 2-ի նիստում նախագծի հիմնական զեկուցող Վարազդատ Կարապետյանը նշել էր, որ ներկայումս նվազագույն ամսական աշխատավարձը 55 հազար դրամ է։ Նրա խոսքով՝ սկզբում առաջարկել են բարձրացնել մինչև 63 հազար դրամ, և այդ չափը սահմանելու հիմնական պատճառն այն էր, որ չազդեին բազային աշխատավարձի վրա, որը հիմա 66 հազարից ավելի է և դրանով պայմանավորված հաշվարկվում են պետական աշխատողների աշխատավարձերը։Վարազդատ Կարապետյանի խոսքով՝ կառավարությունն էլ առաջարկել է նվազագույն աշխատավարձը դարձնել 68 հազար դրամ: Այս դեպքում, ըստ նրա, կբարձրանա բազային աշխատավարձը, արդյունքում նաև փոփոխություններ պետք է լինեն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում, ինչն արդեն արվել է։