
Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը դատական հայց է ներկայացրել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի դեմ: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:
ԵՊԲՀ ռեկտորը Առողջապահության նախարարից պահանջում է հերքել, իր գնահատմամբ, զրպարտչական արտահայտությունները և հատուցել պատճառված վնասը:
Ռեկտորը հայցը ներկայացրել է հոկտեմբերի 2-ին, գործը մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գրիգորի Վարդանյանին:
Սեպտեմբերի 3-ին նախարարի ասուլիսը տապալվել էր, քանի որ ներս էր մտել մանկական ուռուցքաբան Գևորգ Թամամյանը՝ փորձելով հարցեր ուղղել նրան: Թորոսյանը դուրս էր եկել սրահից՝ չպատասխանելով Թամայանին: Ավելի ուշ նախարարը ֆեյսբուքյան ուղիղ եթերով մեկնաբանել էր կատարվածը: «Այս թատերականացված միջոցառումները Գևորգ Թամամյանի անձնական նախաձեռնությունը չեն, այլ կազմակերպել է Արմեն Մուրադյանը, ով իր պաշտոնը նվեր էր ստացել նախկին իշխանություններից և սարսափած է, որ այս իշխանությունների օրոք կարող է կորցնել պաշտոնը: Ժամանակին լինելով հայտնի ընտանիքների քավոր, հայտնի մարդկանց ընկեր, աստիճանաբար կարիերայի աստիճանասանդղակով այդպես բարձրացել, հիմա ռեկտոր է բժշկական համալսարանի ռեկտոր է»,-ասել էր Արսեն Թորոսյանը: