11 հոկտեմբերի 2019 - 12:06 AMT
Մակրոնը դատապարտել է Թուրքիայի գործողությունը Սիրիայում և կոչ արել արագ ավարտել այն

Թուրքիայի Զինված ուժերի գործողությունները Սիրիայի հյուսիսում կարող են օգնել «Իսլամական պետության» ահաբեկիչներին ուժեղացնել իրենց դիրքերը: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

«Ես վճռականրեն դատապարտում եմ հարձակողական ռազմական գործողությունը Սիրիայում և կոչ եմ անում Թուրքիային որքան հնարավոր է շուտ ավարտել այն»,-ասել է Մակրոնը՝ ելույթ ունենալով Լիոնում՝ ՁԻԱհ-ի, թոքախտի և մալարիայի դեմ պայքարին նվիրված խորհրդաժողովում, գրում է Interfax-ը:

«Թուրքիան պատասխանատվություն է ստանձնում այն ռիսկի համար, որ իր գործողությունները կօգնեն ԻՊ-ին վերականգնել իր «խալիֆաթը»,-ասել է Ֆրանսիայի նախագահը:

Հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել է Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ և Ռաս էլ Այն քաղաքներին: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Թուրքիայի ԶՈՒ-ն և «Սիրիայի ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը «Խաղաղության ակունք» գործողության շրջանակում ցամաքային հարձակում են սկսել Եփրատ գետի արևելքում:Գործողության առաջին օրը ընդհանուր առմամբ հարվածներ են հասցվել քրդերի 181 օբյեկտի: Նուն օրը թուրքական զորքերը ցամաքային գործողություն են սկսել և խորացել Սիրիայի տարածքում:Կան զոհեր քաղաքացիական բնակչության շրջանում: Գնդակոծության տակ են հայտնվել նաև հայաբնակ շրջանները: