30 հոկտեմբերի 2008 - 15:24 AMT
Մոսկվա կատարելիք այցից անմիջապես հետո Հայաստանի նախագահը կմեկնի Փարիզ եւ Բրյուսել
Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների նոյեմբերի 2-ին Մոսկվայում կայանալիք եռակողմ հանդիպումից հետո Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կմեկնի Փարիզ, որտեղ կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի հետ: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Այնուհետեւ նախագահը կայցելի Բրյուսել, որտեղ երկկողմ հանդիպումներ կունենա բարձրաստիճան բելգիացի պաշտոնյաների եւ եվրոպական կառույցների ներկայացուցիչների հետ: Հանդիպումների հիմնական թեման կլինի Հայաստանի եւ Եվրամիության համագործակցությունը:

Ֆրանսիա եւ Բելգիա այցերի ժամանակ ՀՀ նախագահին կուղեկցի ԱԳՆ ղեկավարը, որն այնուհետեւ պաշտոնական այցով կմեկնի Շվեդիա, որն այժմ նախագահում է Եվրոպայի Խորհրդում: Նախանշված են Է.Նալբանդյանի այցերը Լիտվա, Լատվիա եւ Էստոնիա:

Սերժ Սարգսյանը նոյեմբերի 2-ին կմեկնի Մոսկվա` ղարաբաղյան կարգավորման շուրջ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի եռակողմ հանդիպմանը մասնակցելու նպատակով: