1 նոյեմբերի 2008 - 14:29 AMT
Նիկարագուայի ԱԳՆ. Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի ճանաչումը կնպաստի հակամարտության դադարեցմանը Կովկասում
Նիկարագուայի ԱԳՆ ղեկավար Սամուել Սանտոս Լոպեսը հուսով է, որ իր երկրի աջակցությունը Ռուսաստանին Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի անկախության ճանաչման հարցում կնպաստի հակամարտության դադարեցմանը Կովկասում: «Մենք ուրախ ենք, որ հարաբերությունները Ռուսաստանի եւ Նիկարագուայի միջեւ գնալով մերձենում են տարբեր ոլորտներում, մենք նաեւ Ռուսաստանի կողմն էինք Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի անկախության ճանաչման հարցում: Մենք հուսով ենք, որ դա կարեւոր պահ էր վերջ դնելու համար զանգվածային սպանություններին, որոնք այնտեղ կատարվում էին եւ թույլ տալու համար այդ ժողովրդներին անկախություն եւ ազատություն ունենալ: Մենք հուսով ենք, որ դա կօգնի բազմակողմ մոտեցում հաստատել խաղաղության հանդեպ»,-ասել է Նիկարագուայի ԱԳՆ ղեկավարը շաբաթ օրը ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ Մոսկվայում կայացած հանդիպմանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Նիկարագուայի նախագահ Դանիել Օրտեգան սեպտեմբերի սկզբին պաշտոնական հրամանագիր է ստորագրել Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի անկախության ճանաչման վերաբերյալ: Նիկարագուան Ռուսաստանից հետո առաջին պետությունն էր, որ ճանաչեց կովկասյան այդ հանրապետությունների անկախությունը: