24 հոկտեմբերի 2019 - 11:28 AMT
Թորոսյան. Ծխախոտի հասցրած վնասն ավելի է, քան վաճառքից ստացված հարկերը

Չկա մի երկիր աշխարհում, որտեղ ծխախոտի վաճառքից հավաքված հարկերը ավելի շատ լինեն, քան դրա տված վնասը՝ դրամային արտահայտությամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ սա հատուկ շեշտում է ԱԺ տնտեսական հանձնաժողովի իր գործընկերների համար:

«Աղմուկը» նման օրենքների շուրջ, թե իբր երկիրը տնտեսական վնասներ կկրի կամ տնտեսական ապոկալիպսիս կլինի, հրահրվում կամ վճարվում է ծխախոտային ինդուստրիայի կողմից, այդ թվում Հայաստանում։ Ի դեպ, մեր դեպքում դրանք հիմնականում ծխախոտ ներկրողներն են»,- գրել է Թորոսյանը՝ նկատի ունենալով «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին» օրինագիծը։

Նախարարը նշել է, որ ծխախոտային ինդուստրիան աշխարհում ջանք չի խնայում տարբեր միջոցներով դրդել երկրների կառավարություններին կամ խորհրդարաններին զերծ մնալ իրենց երկրի բնակչության առողջությանը միտված, հակածխախոտային օրենքներ ընդունելուց։ Թորոսյանը հույս է հայտնել, որ կառավարությունն ու ազգային ժողովը զերծ կմնան «նման ազդեցություններից և մանիպուլյացիաներից»

Նախագիծը մշակել ու ներկայացրել է Առողջապահության նախարարությունը դեռ 2017 թվականի վերջին, սակայն Թորոսյանի նախաձեռնությամբ, այն խստացվել է։ Օրենքի նախագծի համաձայն, ծխելը կարգելվի ճաշարաններում, ռեստորաններում, սրճարաններում, բարերում, բուֆետներում, խաղատներում և առևտրի կենտրոններում։ Տուգանքների առավելագույն շեմը 800 հազար դրամն է: