24 հոկտեմբերի 2019 - 16:52 AMT
ՔԿ-ից Ծառուկյանին այլևս ծանուցում չեն ուղարկում

Գագիկ Ծառուկյանը, Աբովյանի քաղաքապետի ընտրություններից առաջ ՔՊ կուսակցության թեկնածուի շտաբներից մեկի պետ Վահան Սարիբեկյանի մեքենան հրկիզելու փաստի առթիվ, 2 անգամ որպես վկա հրավիրվել և չի ներկայացել հարցաքննության՝ մի անգամ պատռելով ծանուցումը:

Դրանից հետո Ծառուկյանին նոր ծանուցում չի ուղարկվել:

Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնեց ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը՝ նշելով, որ այդ գործով նախաքննությունը շարունակվում է:

Հարցին, թե 2019-ի հունիսին Հարությունյանը չէր հերքել, որ ծանուցմանը չարձագանքելու դեպքում բերման ենթարկելու մասին որոշում կարող է կայացվել՝ Հարությունյանն արձագանքեց.«Նախաքննական մարմնի՝ քրեական գործի շրջանակում նման որոշում կայացվելու դեպքում հանրությանը կիրազեկենք, դեռ չենք իրազեկել, հետևապես չկա նման որոշում»:

Հունիսի 8-ին՝ Աբովյանի քաղաքապետի ընտրություններից ժամեր առաջ հրկիզվել էր «Քաղաքացիական պայմանագրի» քաղաքապետի թեկնածուի նախընտրական շտաբի ղեկավարի մեքենան և տան մի հատված։ Գագիկ Ծառուկյանն այս գործով երկու անգամ են կանչել հարցաքննության: Առաջին անգամ Ծառուկյանը պատռել էր հարցաքնոնւթյան ներկայանալու ծանուցումը, երկրորդ անգամ՝ չէր գնացել: