30 հոկտեմբերի 2019 - 11:23 AMT
ՀՑԹԻ փոխտնօրեն. Ցեղասպանությունը ճանաչող բանաձևը օրենսդրական ուժ չունի

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը չի ենթադրում քվեարկություն Սենատում և հաստատում նախագահի կողմից: Այս մասին PanARMENIAN.Net-ի հետ զրույցում ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտության գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը՝ հավելելով, որ միայն այս գործընթացը վերաբերում է միայն Ներկայացուցիչների պալատին, միայն իրենց կարծիքն է և այս ձևով որևէ օրենսդրական ուժ չունի:

Գզոյանի խոսքով՝ առաջին անգամը չէ, որ ԱՄՆ-ն ճանաչում է Հայոց ցեղասպանությունը. նախագահ Ռեյգանը օգտագործել է «Հայոց ցեղասպանություն» եզրույթը, 1975 և1984 թվականներին ևս որոշումներ եղել են:

«Իհարկե, դրանք փոքր ինչ տարբեր էին՝ այնտեղ հիշատակվում էր մարդու կողմից մեկ այլ մարդու հանդեպ կատարված գործողությունները՝ առաջարկելով ապրիլի 24-ը համարել հիշատակի օր: Սակայն նոր բանաձևը կոնկրետ Հայոց ցեղասպանության մասին է»,- ասաց Գզոյանը:

ՀՑԹԻ փոխտնօրենը նաև հիշեցրեց, որ Ներկայացուցիչների պալատը հոկտեմբերի 29-ին ընդունել է նաև Սիրիայի հարցով Թուրքիայի հանդեպ ճնշումներ գործադրելու մասին որոշում՝ նշելով, որ բացի քաղաքական կոնտեքստից, այստեղ կա նաև պատմական արդարության վերականգնման կոնտեքստ:

Հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Կոնգրեսի ստորին՝ Ներկայացուցիչների պալատը 405 «կողմ» և 11 «դեմ» ձայներով ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող 296 բանաձևը: Բանաձևի ընդունմանն արձագանքել է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով դրա կարևորությունը ցեղասպանությունների կանխարգելման հարցում: «Բանաձևը հզոր քայլ է պատմական արդարության ու ճշմարտության ուղղությամբ, որը նաև մխիթարանք է հաղորդում Հայոց ցեղասպանությունից փրկվածների ժառանգներին»,- ասել է Փաշինյանը: