4 նոյեմբերի 2008 - 14:44 AMT
ՀՀ ԱԳՆ. Ղարաբաղի շուրջ Մոսկվայում ստորագրված հռչակագիրը մեծ նշանակություն ունի
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը Մոսկվայում կոնստրուկտիվ էր եւ բակավական արդյունավետ այն առումով, որ երկու պետությունների ղեկավարների միջեւ տեղի է ունեցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մանրամասն քննարկում: Այդ մասին հայտնել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքերով, հանդիպման արդյունավետությունը պայմանավորված է նրանով, որ 14 տարվա ընթացքում առաջին անգամ Հայաստանի նեւ Ադրբեջանի միջեւ փաստաթուղթ է ստորագրվել` համատեղ հռչակագիր, այն էլ` նախագահների մակարդակով: «Հռչակագիրը համաձայնագիր չէ, բայց մեծ նշանակություն ունի այն տեսակետից, որ նրանում ընդգծվում է հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերի շարունակման կարեւորությունը: Նշված է նաեւ միջազգային երաշխիքների կարեւորությունը, որոնք պետք է ուղեկցեն խաղաղ գործընթացը»,- նշել է նա: Ընդ որում, Էդվարդ Նալբանդյանը հիշեցրել է, որ տվյալ հանդիպումը կազմակերպվել է ՌԴ նախագահի նախաձեռնությամբ, իսկ Ռուսաստանը հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահը եւ միշտ էլ կոնստրուկտիվ դեր է խաղացել խաղաղ գործընթացում: «Այդ նախաձեռնությունը խիստ կարեւոր է, քանի որ նոր փուլ է բացում բանակցությունների ակտիվացման համար»,- ավելացրել է նա:

Նոյեմբերի 2-ին մերձմոսկովյան Մայնդորֆում Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանը, Իլհամ Ալիեւն ու Դմիտրի Մեդվեդեւը հռչակագիր ստորագրեցին ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Հռչակագրով նախատեսվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորում միջազգային նորմերի եւ սկզբունքների եւ այդ շրջանակներում ընդունված որոշումների եւ փաստաթղթերի հիման վրա, ինչը բարենպաստ պայմաններ կստեղծի տարածաշրջանում տնտեսական զարգացման ու համակողմանի համագործակցության համար:

Ռուսաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցին, որ խաղաղ կարգավորումը պետք է ուղեկցվի իրավական պարտավորություն ենթադրող միջազգային երաշխիքներով եւ հաստատեցին Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերի շարունակման կարեւոր նշանակությունը` հաշվի առնելով նրանց 2007 թվականի նոյեմբերի 29-ին Մադրիդում կայացած հանդիպումը կողմերի հետ եւ հետագա քննարկումները քաղաքական կարգավորման հիմնական սկզբունքների հետագա մշակման նպատակով:

Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները պայմանավորվել են աշխատել Կովկասում իրավիճակի առողջացման ուղղությամբ, ինչպես նաեւ հանձնարարել են ԱԳՆ ղեկավարներին շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված աշխատանքը, ասվում է Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիեւի ու Դմիտրի Մեդվեդեւի ստորագրած հռչակագրում: Ըստ ՌԴ նախագահի, ամենակարեւոր խնդիրը կողմերի միջեւ վստահության հաստատմանն ուղղված միջոցառումների իրականացման համար պայմանների ստեղծումն է: