30 հոկտեմբերի 2019 - 16:10 AMT
Էրդողան. ԱՄՆ բանաձևն անօգուտ է, Թուրքիան կպատասխանի

Թուրքիայի խորհրդարանը կպատասխանի ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից 1915-ի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Այդ մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Բանաձևն անօգուտ է: Թուրքիան այն չի ընդունում»,-ասել է նա:

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Թիվ 296 բանաձևն ընդունվել է 405 «կողմ» և 11 «դեմ» ձայներով։

Բացի այդ, Էրդողանը հարցականի տակ է դրել նոյեմբերի 13-ին կայանալիք իր այցն ԱՄՆ, հայտնում է NTV գործակալությունը: «Իմ որոշումը հարցականի տակ է»,-ասել է նա՝ հավելելով, որ հարկավոր էր «պատմաբաններին ու հնագետներին պարտադրել ուսումնասիրել այդ հարցը, ոչ թե ներկայացնել քաղաքական համատեքստում»: