4 նոյեմբերի 2008 - 17:59 AMT
Hurriyet Daily News. Անկարան եւ Բաքուն պատրաստ են լուծել Հայաստանի առնչությամբ քաղաքականության մեջ առկա տարաձայնությունները
Երեւում է, Թուրքիան եւ Ադրբեջանը պատրաստ են լուծել Հայաստանի առնչությամբ քաղաքականության մեջ երկու երկրների միջեւ առկա տարաձայնությունները եւ վերանայել պաշտոնական Երեւանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ իրենց դիրքորոշումը: Այդ մասին ասվում է թուրքական Hurriyet Daily News թերթի վերլուծաբան Ֆուլյա Օզերքանի հոդվածում: «Չորեքշաբթի Իլհամ Ալիեւի` Անկարա կատարելիք այցի շրջանակներում Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահները կքննարկեն Կովկասում կայունության հաստատման, ինչպես նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցերը: Թուրքիայի կողմից նման դիվանագիտական քայլը հաջորդել է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների կողմից մոսկովյան հռչակագիրը ստորագրելուն, որում պարունակվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ջանքերը շարունակելու եւ ակտիվացնելու մտադրությունը»,- գրում է վերլուծաբանը եւ ավելացնում, որ Անկարայում Ալիեւի նշանակված այցը կբարձրացնի ղարաբաղյան հիկմնախնդրի լուծմանն ուղղված քաղաքական խորհրդատվությունների արդյունավետությունը:

Ինչպես նշվում է հոդվածում, վերջին ժամանակներս վերլուծաբանները Կովկասում մեծ նշանակություն են տալիս Թուրքիային: Մասնավորապես օգոստոսյան ճգնաժամի ժամանակ շատ վերլուծաբաններ մոտակա ամիսներին որոշակի առաջընթաց էին կանխատեսում հայ-թուրքական հարաբերություններում:

«Դա անակնկալ չի լինելու: Անկարան ցանկանում է, որպեսզի Հայաստանը դուրս բերի իր զորքերը Լեռնային Ղարաբաղից ու ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, եւ Հայաստանի ներկայիս կառավարությունը պատրաստ է նման փոխզիջման գնալ»,- գտնում է Կովկասի գծով Անկարայի Եվրասիական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Հասան Քանբոլաթը: Նա կարծում է, որ Մոսկվայում ստորագրված հռչակագիրը միայն արտացոլում է տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության ուժեղացումը եւ ընդգծում, որ «հակամարտությունը չի կարող լուծվել խաղաղ ճանապարհով»:

Մեկ այլ փորձագետի` Միջազգային մարտավարական հետազոտությունների կազմակերպության նախագահ Սեդատ Լաչիների խոսքերով, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի համար արգելք է հանդիսանում Կովկասում, եւ ՌԴ նախաձեռնությունը բավական չէ հակամարտության վերջնական լուծման համար: «Թուրքիան, Հայաստանն ու Ադրբեջանը չեն կարողանա մարտահրավեր նետել Ռուսաստանին: Թուրքիան տարածաշրջանում յուրօրինակ հավասարակշռող է հանդիսանում ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ»,- նշել է Լաչիները: Նրա խոսքերով, Անկարան չի կարող միջնորդ լինել ղարաբաղյան գործընթացում այնքան ժամանակ, քանի դեռ պաշտպանում է Ադրբեջանի դիրքորոշումը: