1 նոյեմբերի 2019 - 11:35 AMT
Հունաստանի նախագահը ՀՀ-ում կհանդիպի Սարգսյանին, Փաշինյանին և Միրզոյանին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով՝ նոյեմբերի 5-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը տիկնոջ՝ Վլասիա Պավլոպուլուի հետ:

Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում տեղի կունենա Հունաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին կհաջորդի նախագահներ Արմեն Սարգսյանի և Պրոկոպիոս Պավլոպուլոսի առանձնազրույցը, այնուհետև երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը: Երկու երկրների նախագահները հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ:

Հունաստանի նախագահի գլխավորած պատվիրակությունը կայցելի Մեծ Եղեռնի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, շրջայց կկատարի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում:

Պաշտոնական այցի շրջանակում նախատեսվում են Հունաստանի նախագահի հանդիպումները վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Պրոկոպիոս Պավլոպուլոսին կհյուրընկալի Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը:

Հունաստանի նախագահի գլխավորած պատվիրակությունը կայցելի նաև Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ՝ Մատենադարան, ինչպես նաև կհանդիպի հունական համայնքի ներկայացուցիչների հետ: