1 նոյեմբերի 2019 - 17:39 AMT
ՀՔԾ-ն չի մեկնաբանում Արսեն Բաբայանի հեռախոսազանգերի արգելքը

ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի հեռախոսազանգերի արգելքի մասին հարցը հատուկ քննչական ծառայությունում չեն մեկնաբանում:

PanARMENIAN.Net-ի հարցին ի պատասխան ՀՔԾ մամուլի ծառայությունից հիշեցրին, որ հոկտեմբերի 31-ին հանվել է Բաբայանի մերձավոր հարազատների տեսակցության արգելքը՝ չմեկնաբանելով հեռախոսազանգերի արգելքին վերաբերող հարցը:

Նոյեմբերի 1-ին Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ ամբողջ ծավալով պահպանվում է հեռախոսազրույցի արգելքը: Հոկտեմբերի 31-ին ՀՔԾ-ն հանել էր Բաբայանի մերձավորների տեսակցելու արգելքը, կինն ու երեխաները կարողացել էին տեսակցել նրան: ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալը ձերբակալվել էր հոկտեմբերի 21-ին` պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով, ապա նրան մեկ այլ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանությունը յուրացնելուն օժանդակել)։ Բաբայանը կալանավորվել էր հոկտեմբերի 24-ին։ Բաբայանը, ըստ ՀՔԾ պաշտոնական հիմնավորման, ՀՀ սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի` լիազորությունները վայր դնելու գործընթացում կատարել է պաշտոնեական կեղծիքներ։