1 նոյեմբերի 2019 - 18:01 AMT
ԵԱՏՄ-ն լրացուցիչ 12 մլրդ դրամ կհատկացնի ՀՀ-ին

Մաքսատուրքերի բաշխման նոր կարգի համաձայն՝ Եվրասիական տնտեսական միությունն այս տարի Հայաստանին կհատկացվի լրացուցիչ 12 մլրդ դրամ։ Այս մասին, Aravot.am-ի փոխանցմամբ, 2020 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ ասել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Նախարարը նշել է, որ ԵԱՏՄ մաքսային մուտքերի նոր բաշխումներ են եղել, ինչի արդյունքում, ԵԱՏՄ մաքսային մուտքերից գոյացող գումարի 1․22%-ը բաժին է հասնելու Հայաստանին։ Ջանջուղազյանի խոսքով՝ այս պայմանավորվածությունն անժամկետ է:

Ավելի ուշ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, խոսելով ԵԱՏՄ-ի ընդլայնման հնարավորությունների մասին, նշել էր, որ Եգիպտոսի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտի ստեղծելու բանակցություններում, Հայաստանը ոչ պաշտոնական լիդերն է: Համաձայնագիրն, ըստ փոխնախարարի, պատրաստ կլինի առաջիկա ամիսների ընթացքում, ինչի արդյունքում, ԵԱՏՄ երկրներն ազատ մուտք կունենան աֆրիկյան մայրցամաք։

Եվրասիական տնտեսական միությունը տարածաշրջանային տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպություն է, որի անդամ են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը: