5 նոյեմբերի 2008 - 14:43 AMT
Լեռնային Ղարաբաղի հարցը Թուրքիայի համար երկրորդական է
«8.08.2008-ից հետո անվտանգության նոր ճարտարապետությունը Հարավային Կովկասում» խորագրով 2008թ. հոկտեմբերի 31-ին Անկարայում տեղի ունեցած կլոր սեղանի ժամանակ հիմնական ուշադրությունը հատկացվել է Վրաստանին եւ անջատված ինքնավարություններին, իսկ Լեռնային Ղարաբաղի մասին խոսվել է միայն հայ-թուրքական հարաբերությունների առումով»,-Երեւանում հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը` պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին: Նրա խոսքերով, քննարկումների ժամանակ թուրք քաղաքագետները նշել են, որ Թուրքիայի համար Հայաստանի ու Ադրբեջանի հետ հարաբերություններում ղարաբաղյան հակամարտության հարցն երկրորդական է: