7 նոյեմբերի 2008 - 16:29 AMT
Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը Ստամբուլում հող կնախապատրաստի ԱՄՆ-ում հանդիպման համա՞ր
Թուրքիայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպման անցկացման մասին նախագահ Աբդուլլա Գյուլի առաջարկը խոսում է աշխարհաքաղաքականության մեջ նախաձեռնությունը բաց չթողնելու պաշտոնական Անկարայի նպատակի մասին: Նման կարծիք է հայտնել քաղաքական վերլուծաբան Թուրալ Քերիմլին: «Ըստ երեւույթին, Արեւմուտքը ցանկանում է Թուրքիայի ձեռքերով ակտիվացնել իր դերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, եւ այդ նպատակով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները Մոսկվայում կայացած հանդիպումից հետո հաջորդիվ կհանդիպեն Անկարայում: Գաղտնիք չէ, որ ստորագրված Մոսկովյան հռչակագիրը Ադրբեջանի համար ոչ մի լուրջ բան չէր պարունակում եւ ուղղված էր տարածաշրջանում Ռուսաստանի դերն ուժեղացնելուն»,- նշել է վերլուծաբանը:
Նրա կարծիքով, Թուրքիան Հայաստանի վրա ճնշում գործադրելու միջոցներ ունի եւ բան ունի առաջարկելու պաշտոնական Երեւանին, որը հասկանում է, որ շարունակելով մնալ ռուսական ամրակետ, ոչ մի տնեսական աճի ակնկալիք չի կարող ունենալ: Քերիմլին ավելացրել է, որ հանդիպումը Թուրքիայում հռչակագրային բնույթ է կրելու եւ հող կնախապատրաստի Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման համար, որի անցկացման հավանականությունը, վերլուծաբանի կարծիքով, շատ բարձր է, հաղորդում է 1news.az-ը:
Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը հանդես է եկել մոտ ապագայում Ստամբուլում Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ գագաթաժողովի կազմակերպման նախաձեռնությամբ: Իր մտադրության մասին Թուրքիայի նախագահը հայտնել է Իլհամ Ալիեւի` Անկարա կատարած այցի ընթացքում եւ, ինչպես հաղորդում են դիվանագիտական աղբյուրները, Ադրբեջանի ղեկավարն արդեն տվել է իր համաձայնությունը հանդիպման անցկացման համար: Նույն այդ աղբյուրների հաղորդմամբ, եռակողմ հանդիպման ճշգրիտ տեղն ու ժամանակը որոշված չէ, բայց սպասվում է, որ այն տեղի կունենա մի քանի ամիսների ընթացքում: