8 նոյեմբերի 2008 - 15:32 AMT
Ղարաբաղի վերաբերյալ մոսկովյան հռչակագրի հիմնական նպատակն է ամրապնդել Ռուսաստանի դիրքերը Կովկասում
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի համատեղ մոսկովյան հռչակագրի հիմնական նպատակն է ամրապնդել Մոսկվայի դիրքերը Կովկասում: Այդ մասին այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսին հայտնել է «Հայ Դատ» գրասենյակի ղեկավար Գիրո Մանոյանը: Նրա խոսքերով, ղարաբաղյան կարգավորման գործընթացի ձգձգումը բխում է Ռուսաստանի շահերից: Ընդ որում, Գիրո Մանոյանը նշել է, որ տվյալ հռչակագիրը պարունակում է ինչպես բացասական, այնպես էլ դրական կետեր, բայց ընդհանուր առմամբ բխում է ոչ թե բանակցությունների տրամաբանությունից, այլ որոշակի ուժերի, մասնավորապես, Ռուսաստանի շահերից

Գիրո Մանոյանը հռչակագրի ամենաբացասական երեւույթն է համարել փաստաթղթի տակ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչի ստորագրության բացակայությունը: Ինչպես նաեւ, նրա խոսքերով, անհանգստություն է առաջացնում այն փաստը, որ հռչակագրում հատկապես ընդգծվում է բանակցային գործընթացի շարունակության անհարժեշտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված «մադրիդյան սկզբունքների» հիման վրա, որոնք նախատեսում են ազատագրված տարածքների վերադարձը:

Գիրո Մանոյանի խոսքերով, հռչակագրի դրական պահն է հանդիսանում ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ, քաղաքական լուծումը եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին հիշատակության բացակայությունը: Բացի դրանից, փաստաթղթում մատնացույց է արվում, որ բանակցությունները շարունակվելու են ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով, եւ այդպիսով բացառվում է ղարաբաղյան գործընթացի մեջ այլ ուժերի ներգրավումը: Ընդ որում «Հայ Դատ» գրասենյակի ղեկավարը նշել է, որ մոտ ապագայում որոշ ուժերի, այդ թվում եւ Թուրքիայի միջոցով ղարաբաղյան հիմնախնդրի լուծման գործընթացում միջնորդության տեսանելիության փորձեր կձեռնարկվեն, որոնք կարող են դրականապես ազդել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերությունների, բայց ոչ` ղարաբաղյան գործընթացի վրա: Ավելին, եթե տվյալ փորձերը թափ հավաքեն, դա կբացառի առաջընթացը ղարաբաղյան կարգավորման մեջ: Ինչպես նշել է Գիրո Մանոյանը, ղարաբաղյան հիմնախնդիրը կլուծվի այն դեպքում, եթե հակամարտության բոլոր կողմերը, Լեռնային Ղարաբաղը ներառյալ, ստորագրեն հաշտության պայմանագիր, որի կետերը կիրագործվեն համապատասխան մեխանիզմների կիրառմամբ: