15 նոյեմբերի 2019 - 21:54 AMT
Փաշինյան. Պետբյուջեին պետք է վերաբերվենք ինչպես ընտանեկան բյուջեին

2020 թվականի բյուջեով տնտեսական աճը սահմանվել 4,9%: Այս մասին ԱԺ-ում բյուջեի քննարկման եզրափակիչ ելույթում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ նշաձողը այնպես է դրվել, որ հնարավոր լինի դա հաղթահարել։

«Մի քիչ ցածր դնում ենք, բարձր թռնում ենք: 2019թ․ բյուջեի նախագծում էլ է դրվել 4,9% տնտեսական աճ, բայց այսօր ո՞վ է խոսում 4,9% տնտեսական աճի մասին: Ոչ ոք չի խոսում, որովհետև 4,9% տնտեսական աճը այսօրվա Հայաստանի համար աբսուրդ է։ Այսօր բոլոր կանխատեսումներով 2019թ․ տնտեսական աճը 6%-ը կգերազանցի, լավատեսական կանխատեսումներով՝ կհասնի 7%-ի։ Համենայնդեպս 10 ամիսների ցուցանիշներով՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը 7,5% է»,- ասել է վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ռազմավարական տեսլականը երկնիշ տնտեսական աճին հասնելն է, սակայն այդ ցուցանիշին միանգամից հասնել չեն կարողանում կապիտալ ծախսերի ոլորտում խնդիրների պատճառով։

«Կապիտալ ծախսերի թերակատարումը Հայաստանում միշտ եղել է քրոնիկ պրոբլեմ։ Այնպես չէ, որ դա հեղափոխությունից հետո է ձևավորվել։ Հիմա ավելի ահագնացել է այն պատճառով, որ մենք համաձայն չենք ատկատներով աշխատել, համաձայն չենք անորակ գործեր ընդունել։ Եվ մենք ինչքան բարձր չափանիշներ ենք դնում, այդքան այդ փողերի ծախսելը դժվարանում է, և մենք, այդ փողերը չծախսելով, այսօր խոսում ենք 6%-ից բարձր տնտեսական ակտիվության ցուցանիշի մասին»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ կառավարությունը ցուցանիշները վատացնում է՝ բարելավելով որակը։

Փաշինյանի խոսքով՝ այն պահին, երբ հնարավոր լինի նույնականացնել կապիտալ ծախսերի որակն ու ծավալը, ապա պետությունը կգրանցի երկնիշ տնտեսական աճ։

«Երբ առաջնորդվում ենք այն կարգախոսով, որ Հայաստանը մեր օջախն է, իսկ ժողովուրդը՝ մեր ընտանիքը, հետևաբար ՀՀ պետական բյուջեն մեր ընտանեկան գումարն է։ Եվ մենք՝ ՀՀ բոլոր քաղաքացիներս պետք է պետբյուջեին վերաբերվենք այնպես, ինչպես ընտանեկան բյուջեին»,- ասել է Փաշինյանը։