22 նոյեմբերի 2019 - 13:07 AMT
Պուտինը պարգևատրել է հայազգի բևեռախույզ, Դումայի պատգամավոր Արթուր Չիլինգարովին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը գիտնական-բևեռախույզ, Դումայի պատգամավոր Արթուր Չիլինգարովին պարգևատրել է «Հայրենիքի առաջ վաստակի համար» II աստիճանի շքանշանով: Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը՝ հավելելով, որ շքանշանը հանձնվել է Ռուսաստանի ականավոր քաղաքացիներին պետական պարգևներ հանձնելու հանդիսավոր արարողության ժամանակ:

«Ես մնում եմ գործող բեռային հետազոտող, և հետագայում էլ ամեն ինչ կանենք, որ Ռուսաստանը լինի մեծ ծովային արկտիկական տերություն: Շնորհակալություն վստահության համար»,- ասել է Արթուր Չիլինգարովը։

Արթուր Չիլինգարով հայտնի է որպես բևեռախույզ, գիտնական, հասարակական-քաղաքական գործիչ, աշխարհագրական գիտությունների դոկտոր (2003)։ ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ (2003), Պետական ծովային ակադեմիայի պատվավոր պրոֆեսոր (2002)։ Խորհրդային Միության հերոս (1985, Անտարկտիդայի մոտ «Միխայիլ Սոմով» սառցահատի փրկարարական արշավախումբը ղեկավարելու համար)։ Ռուսական և միջազգային պարգևներից բացի 2000 թվականին Հայաստանում ստացել է նաև Անանիա Շիրակացու մեդալ, իսկ 2008 թվականին` Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան։ Արթուր Չիլինգարովն ընդգրկված է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես միակ բևեռախույզը, որ 6 ամսվա ընթացքում եղել է Երկրի երկու բևեռներում: