12 նոյեմբերի 2008 - 12:30 AMT
Ալեքսանդր Սոտնիչենկո. Ոչ մի բեկում Հայաստան-Թուրքիա հարաբերություններում չի լինի
«Ես կարծում եմ, որ Հայաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը, եթե այն կայանա, ոչնչով չի ավարտվի, ոչ մի բեկում չի լինի»,-հայտարարել է Սանքտ Պետերբուրգի Արդի Մերձավոր Արեւելքի հետազոտման կենտրոնի առաջատար վերլուծաբան, պատմական գիտությունների թեկնածու Ալեքսանդր Սոտնիչնեկոն: Նա նշել է, որ Ադրբեջանի, Հայաստանի ու Ռուսաստանի նոյեմբերի 2-ի համատեղ հռչակագիրը ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, 1994թ. ի վեր Հայաստանի ու Ադրբեջանի առաջին համատեղ փաստաթուղթն է, որ կոնկրետ առաջարկներ է պարունակում: Սոտնիչենկոն գտնում է, որ նման հակամարտությունները կարող է հանգուցալուծել միայն երրորդ կողմը, ընդ որում գերազանցապես ուժի միջոցով, քանի որ «հակամարտություններում չեն կարող լինել մեղավորներ ու անմեղներ»: Վերլուծաբանը նշել է, որ միջնորդական առաքելությունը չափազանց ձեռնատու է այդ առաքելությունն իրականացնող ցանկացած պետության:
Ա.Սոտնիչենկոն ուշադրություն է դարձել, որ ոչ միայն Ռուսաստանում, այլ նաեւ արտերկրում համարվում է, որ ՌԴ-ն միշտ սատարում է Հայաստանին: «Դա այնքան էլ այդպես չէ: Ռուսաստանին շահավետ է կայունությունն ու խաղաղությունը Հարավային Կովկասում, քանի որ ցանկացած հակամարտություն այդ տարածաշրջանում Ռուսաստանի համար վերածվում է փախստականների հոսքի, թմրանյութերի, զենքի, ահաբեկչության տարածման: Բավական է հիշել Հարավային Օսեթիան, որը մինչեւ վերջերս Ռուսաստան անօրինական սպիրտի գլխավոր առաքիչն էր: Մինչ Բեսլանի իրադարձությունները այս փաստին ոչ ոք ուշադրություն չէր դարձնում: Այդ սպիրտը Ռուսաստան էր տեղափոխվում Կոդորի կիրճով: Չեչնյան ժամանակին դարձել էր թմրանյութերի տարածման կենտրոն, որի եկամուտները գնում էին զենք գնելու: Պատերազմը Աբխազիայում փախստականների հոսք առաջացրեց: Բացի այդ, ցանկացած հակամարտություն Հարավային Կովկասում փակում է Ռուսաստանի համար ցամաքային առեւտրային ուղիներն Իրան ու Թուրքիա, որոնք մեր կարեւոր առեւտրային գործընկերներն են: Կայունությունն այդ տարածաշրջանում կարեւոր է ոչ միայն Ռուսաստանի, այլ նաեւ Թուրքիայի ու Իրանի համար»,-ասել է մասնագետը:
«Թուրքիայի համար կայունությունն այդ տարածաշրջանում պակաս կարեւոր չէ, քան Ռուսաստանի համար: Ներկայումս կարգավորված չեն Թուրքիայի հարաբերությունները Հայաստանի հետ, Հայաստանինը` Ադրբեջանի հետ: Թուրքիան պնդում է, որ Հայաստանը դուրս բերի զորքերը Լեռնային Ղարաբաղի տարածքից: Թուրքիայի համար տնտեսապես շահավետ է նորմալ հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ: Հայաստանը ըստ նշանակության երրորդ առեւտրային գործընկերն է Թուրքիայի համար: Սակայն սահմանը այդ երկրների միջեւ փակ է, ապրանքը Թուրքիայից Հայաստան է մտնում Վրաստանի տարածքով: Թուրքիան շահագրգռված է, որպեսզի Հայաստանի տարածքն օգտագործվի Ադրբեջանից եւ ողջ Կասպից ծովի տարածաշրջանից նավթի ու գազի տարանցման համար: Այժմ նավթը Թուրքիա է առաքվում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով: Սա ամենաթանկարժեք նավթամուղն է: Եթե նավթամուղն ուղղակի Հայաստանով անցնի, ապա նավթի տարանցումը գրեթե երկու անգամ էժան կլինի: Դա շահավետ է Թուրքիային ու Եվրոպային, սակայն շահավետ չէ Ռուսաստանին, քանի որ այդ դեպքում մեր երկրի համար աճում է մրցակցությունը»,-նշել է գիտնականը:
Խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին` ռուս թրքագետը հայտարարել է, որ Թուրքիան ու Ռուսաստանը, լինելով «շահագրգռված միջնորդներ», «կարող են համատեղ ջանքերով գալ ընդհանուր տեսակետի եւ հանգուցալուծել հակամարտությունը, թեեւ, անշուշտ, Հայաստանն ու Ադրբեջանը դժգոհ կլինեն»: «Սակայն, շատ ավելի արդյունավետ կլինի, եթե ղարաբաղյան հակամարտության կողմերը կարգավորմամբ զբաղվեն չեզոք հարթակում, օրինակ, Իրանում: Ընդ որում բանակցություններին պետք է մասնակցեն ոչ միայն Ադրբեջանն ու Հայաստանը, այլ նաեւ Ռուսաստանն ու Թուրքիան»,-գտնում է ռուս փորձագետը, գրում է «Ռուսկայա լինիան»:
Որոշ թուրքական ԶԼՄ-ներ հաղորդել են, որ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հանդես է եկել նախաձեռնությամբ` առաջիկայում Ստամբուլում Հայաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի ղեկավարների եռակողմ գագաթնաժողով կազմակերպելու մասին: Ավելի ուշ Թուրքիայի ԱԳՆ մամլո քարտուղար Բուրակ Օզուգերգին հայտարարեց, որ Անկարան մտադիր չէ կազմակերպել Հայաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպում: