22 նոյեմբերի 2019 - 15:00 AMT
Գուլիևի և Ասկերովի հանցագործությունների համար Բաքվի պատասխանատվության մասին Արցախի ԱԳՆ հուշագիրը տարածվել է ՄԱԿ-ում

ՄԱԿ-ում որպես պաշտոնական փաստաթուղթ տարածվել է Արցախի Հանրապետության ԱԳՆ հուշագիրը՝ Ադրբեջանի քաղաքացիներ Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասկերովի կողմից Արցախում կատարված առանձնապես ծանր հանցագործությունների համար Ադրբեջանի միջազգային պատասխանատվության մասին:

Արցախի ԱԳ նախարարության հայտարարության մեջ ասվում է. «Հուշագրում, մասնավորապես, նշվում է, որ միջազգային իրավունքը նախատեսում է պետությունների պատասխանատվությունը՝ իրենց գործակալների կողմից կատարված հանցագործությունների համար: Նշված միջազգային իրավունքի նորմը կոդիֆիկացված է Միավորված ազգերի կազմակերպության Միջազգային իրավունքի հանձնաժողովի` միջազգային հակաիրավական արարքների համար պետությունների պատասխանատվության մասին զեկույցի 8-րդ հոդվածում, որում ասվում է, որ «անձի կամ անձանց խմբի վարքագիծը դիտվում է որպես պետության արարք՝ համաձայն միջազգային իրավունքի, եթե այդ անձը կամ անձանց խումբը նման վարքագծի իրականացման ժամանակ փաստացի գործում է այդ պետության ցուցումներով, կամ ղեկավարությամբ կամ վերահսկմամբ»։ Այդպիսով օտարերկրյա տարածքում որոշակի հանձնարարություններ կատարելու համար որպես «կամավորներ» ուղարկված ֆիզիկական անձանց հակաիրավական արարքները ենթադրում են պետությունների միջազգային պատասխանատվություն:

Ադրբեջանը, հանցավոր խմբին զինելով և ուղարկելով Արցախի տարածք՝ լրտեսության և դիվերսիոն գործողություններ իրականացնելու նպատակով, միջազգային պատասխանատվություն է կրում խմբի կողմից Արցախի տարածքում իրականացված բոլոր հակաիրավական արարքների համար: Հուշագրում բերվում են մանրակրկիտ փաստեր, որոնք հաստատում են անօրինական զինված խմբի ուղղակի կապը Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ»:

Հուշագրում նաև նշվում է, որ տարբեր միջազգային կազմակերպություններում, ներառյալ՝ Միավորված ազգերի կազմակերպությունում Ադրբեջանի իշխանությունների կողմից սանձազերծված արշավը, որի նպատակն է աջակցություն գտնել Ասկերովի և Գուլիևի ազատ արձակման հարցում, նույնպես կարող է դիտվել որպես Ադրբեջանի կողմից զինված խմբի հակաիրավական արարքների ճանաչման և ընդունման ապացույց։

Ադրբեջանի քաղաքացիներ Գուլիևն ու Ասկերովը 2014 թվականի ԼՂՀ ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվել են 22 տարվա ազատազրկման և ցմահ դատապարտման՝ դեռահասի սպանության, ԼՂՀ սահմանի ապօրինի հատման, զենքի պահման և լռտեսության, ինչպես նաև հայոց բանակի սպայի սպանության համար:

ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանը Ադրբեջանում դատապարտվել է 20 տարվա ազատազրկման: Վերջինս հայտնվել էր Ադրբեջանի սահմանին 2018 թվականի հուլիսին՝ չպարզված պայմաններում, մինչդեռ Ադրբեջանում նրան դիվերսանտ են համարում: Օգոստոսի 12-ին Արցախի ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասից, դեռևս չպարզված հանգամանքներում, զինծառայող 2000 թվականին ծնված Արայիկ Ղազարյանը լքել էր մարտական դիրքերը: Ադրբեջանը հայտարարել է, որ զինծառայողը գտնվում է նրանց մոտ: