12 նոյեմբերի 2008 - 14:00 AMT
Էստոնիան մտադիր է խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ
Նոյեմբերի 11-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Էստոնիայի նորանշանակ դեսպան Տոմաս Լուքին` (նստավայրը` Թբիլիսի) հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Շնորհավորելով դեսպանին` նախարար Նալբանդյանը հաջողություն մաղթեց նրան իր առաքելության կատարման գործում: Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարեւորում է Էստոնիայի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ ԵՄ Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում ակտիվ եւ համակողմանի համագործակցության զարգացումը:
Իր հերթին դեսպան Լուքը նշեց, որ Էստոնիան ավանդաբար Հայաստանին վերաբերվում է առանձնահատուկ ջերմությամբ եւ նպատակադրված է Հայաստանի հետ խորացնել բազմաբովանդակ համագործակցությունը: Նա կարեւորեց երկու երկրների առեւտրատնտեսական եւ մշակութային կապերի զարգացման անհրաժեշտությունը: Զրուցակիցները քննարկեցին նաեւ տարածաշրջանային եւ միջազգային մի շարք հարցեր: