25 նոյեմբերի 2019 - 11:03 AMT
Սենատոր Գրեմն արգելափակել է Ցեղասպանության մասին բանաձևը Սպիտակ տան պաշտոնյայի պահանջով

ԱՄՆ Կոնգրեսի հանրապետական սենատոր Լինդսի Գրեմն արգելափակել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյայի պահանջով, հայտնում է Axios-ը:

Գրեմի այդ արարքը շատերին էր վրդովեցրել ու զարմացրել, երբ Գրեմը շտապեց վերադառնալ Սենատի հարկ ու արգելափակեց բանաձևը: Գրեմը հենց նոր էր քննադատել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Սիրիա ներխուժելու և քրդերին գրոհելու համար, ըստ իրազեկ աղբյուրի:

Երբ Գրեմը դուրս էր գալիս Օվալաձև աշխատասենյակից, Սպիտակ տան բարձրաստիճան աշխատակիցը, ըստ հաղորդագրությունների, խնդրել էր նրան վերադառնալ Սենատ և արգելափակել Հայոց ցեղասպանության մասին բանաձևը, որն առաջացրել էր Էրդողանի ցասումը: Ինքը Գրեմը ևս հաստատել էր այդ տեղեկությունը:

«Հանդիպումից հետո մենք խմբվել էինք և խոսում էինք այն մասին, թե ինչ տեղի ունեցավ»,-ասելէ նա: Սպիտակ տան օրենսդրական հարցերի գծով աշխատակիցը ասել է Գրեմին, որ սենատոր Բոբ Մենենդեսը մտադիր է բարձրացնել Հայոց ցեղասպանության մասին բանաձևի հարցը և չի կարող արդյոք Գրեմն «առարկել»: «Ես ասացի՝ իհարկե»,-ասել է Գրեմը: «Միակ պատճառը, թե ինչու ես դա արեցի, այն էր, որ Էրդողանը դեռևս քաղաքում էր...Դրա ժամանակը չէր: Ես փորձեցի փրկել մեր հարաբերությունները»,-ասել է Գրեմը:

Այն հարցին, թե արդյոք ինքն անհարմար է զգում, Հայոց ցեղասպանության մասին բանաձևն արգելափակելու համար, Գրեմը դրական է պատասխանել: «Հաջորդ անգամ չեմ առարկի»,-ասել է նա:

Մինչդեռ, սենատորներ Մենենդեսն ու Թեդ Քրուզը կրկին ներկայացրեցին Հայոց ցեղասպանության մասին բանաձևը, որն այս անգամ արգելափակեց մեկ այլ սենատոր՝ Դևիդ Փերդյուն:

Հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Թիվ 296 բանաձևն ընդունվել է 405 «կողմ» և 11 «դեմ» ձայներով։