12 նոյեմբերի 2008 - 14:53 AMT
Սոչիում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով Հայաստանի քաղաքացի է վիրավորվել
Նախօրեին Ադլերում պայթուցիկ սարք է գործ դրվել, որը գտնվել է ժեշտի պնակում: Ձեռքի դաստակի վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Հայաստանի 28-ամյա բնակիչ Վազգեն Հովսեփյանը: Հետաքննությունը վարում է ՌԴ դատախազությանը կից Կրասնոդարի մարզի Սոչի քաղաքի քննչական կոմիտեն:

Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, Վ.Հովսեփյանը կայանել է մեքենան Բոգդան Խմելնիցկու փողոցի մասնավոր տներից մեկի մոտ, որտեղ նա բնակարան է վարձակալում: Վերադառնալով մեքենայի մոտ` նա «մերսեդեսի» վրա ժեշտի պնակ է հայտնաբերել: Դեն նետելու նպատակով այն վերցնելիս, պայթյուն է հնչել: Աջ ձեռքի դաստակի վնասվածքով նա տեղափոխվել է քաղաքային հիվանդանոց:

Քննությունը մտադիր չէ դիտարկել այս արտակարգ պատահարը որպես ահաբեկչություն` գերադասելով նախապես որակել այն որպես խուլիգանություն: Ադլերում պայթյունի փաստով երեքշաբթի, նոյեմբերի 11-ին քրեական գործ է հարուցվել «հանցագործության նախապատրաստում» եւ «մահափորձ» հոդվածով:

Երեքշաբթի տեղի ունեցած նախադեպը դարձավ այս տարվա ընթացքում Սոչիում հնչած վեցերորդ պայթյունը: