13 նոյեմբերի 2008 - 16:14 AMT
Մարիոս Գարոյան. Անհնար է, որ Թուրքիան, որը ոտնահարում է օրենքներն ու միջազգային իրավունքը, մտնի ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդ
«Սեպտեմբերի 3-ից ՄԱԿ-ի հովանավորությամբ սկսվել է երկխոսությունը նախագահ Քրիստոֆիասի եւ թուրքակիպրոսցի առաջնորդ Մեհմեթ Ալի Թալաաթի միջեւ: Հուսով ենք, որ հունակիպրոսցիների կողմից ցուցադրած բարի կամքը թուրքակիպրոսցիների կողմից կարժանանա նույնպիսի արձագանքի, ովքեր ներկա դրությամբ, ցավոք սրտի, արձագանքում են միայն Անկարայի հրահանգներին: Վերոնշյալի հետ կապված առկա է չնչին առաջխաղացում, բայց ոչ կարեւոր խնդիրներում: Սակայն մենք չենք հուսահատվում»,- հայտնել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի ներկայացուցիչ Մարիոս Գարոյանը` ելույթ ունենալով Հայաստանի խորհրդարանում: Նրա խոսքերով, կիպրոսյան կողմը պնդում է, որ անհրաժեշտ է փնտրել եւ հասնել լուծմանը` երկգոտի եւ երկհամայնքային դաշնությանը, որը հիմնված է 1977 եւ 1979 թթ-ի բարձր մակարդակի համաձայնությունների, ՄԱԿ-ի համապատասխան որոշումների եւ Եվրամիության սկզբունքների ու արժեքների վրա:

Սակայն, ավելացրել է նա, բանալին գտնվում է Անկարայում: «Մենք ցանկանում ենք տեսնել լուծում, որը կբխի կիպրոսցիներից եւ կիպրոսցիների շահերից: Ուրեմն պետք է, որ միջազգային հանրությունը եւ երկրագնդի զորեղները վերջ տան հանդուրժողականությանն ու երբեմն պարգեւատրման միջոցով Թուրքիայի ապօրինի վերաբերմունքի (ինչը վերաբերում է Կիպրոսի խնդրին եւ ոչ միայն) խրախուսմանը: Հնարավոր չէ, որ մի երկիր, որը հետեւողականորեն արհամարում եւ ոտնահարում է պետության օրենքը, միջազգային իրավունքը եւ մարդու իրավունքները ինչպես իր տարածքում, այնպես էլ իր հարեւանների հետ հարաբերություններում, հանդիսությամբ մտնի ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի` միջազգային իրավունքի պահապանի կազմի մեջ»,- հայտնել է Մարիոս Գարոյանը: