29 նոյեմբերի 2019 - 17:42 AMT
Երևանում ավտոբուսների հավաքակայանի շինաշխատանքներն ավարտական փուլում են

Քաղապետ Հայկ Մարությանն այցելել է «Երևանտրանս» ՓԲԸ, ծանոթացել երթուղային նոր ցանցի պահանջներին համահունչ ավտոբուսների հավաքակայանի շինարարական աշխատանքներին, որոնք գտնվում են ավարտական փուլում:

Այնուհետ քաղաքապետն այցելել է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկ, որտեղ ընթանում էին ձմռան նախապատրաստական ակտիվ աշխատանքներ, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

Քաղաքապետը նաև ծանոթացել է Երևանի մետրոպոլիտենում աշխատանքների կազմակերպմանը, առկա խնդիրներին:

Ավելի վաղ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել էր, որտրանսպորտային նոր ցանցի ներդրման համար կպահանջվի առնվազն 2 տարի.վարկի տրամադրում, մրցույթի միջոցով նոր շարժակազմի ձեռքբերում, ինչպես նաև անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովում:

Միասնական ցանցն ապահովելու է ինտեգրված սակագնային և տոմսային ճկուն համակարգ, տրանսպորտային նոր ցանցով ներկայումս գործող 111 ավտոբուսային երթուղու փոխարեն առաջարկվում է 42-ը, էապես կնվազի նաև տրանսպորտային միջոցների քանակը: Կգործարկվի 845 ավտոբուս և 101 տրոլեյբուս: Ավտոբուսների քանակի մեջ ներառված են նաև պահուստային միջոցները, որոնք ընդհանուրի 15 տոկոսն են կազմում: