29 նոյեմբերի 2019 - 20:07 AMT
Գլխավոր դատախազ. Միհրան Պողոսյանի գործով հնարավոր են առավել ծանր հանցագործությունների դրվագներ

ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի գործով հնարավոր են առավել ծանր հանցագործությունների դրվագներ: Այս մասին ասել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, հաղորդում է Armtimes.com-ը:

«Նկատի ունենալով, թե ինչ ակտիվ փուլում է գործի քննությունը՝ չեմ բացառում, որ առավել ծանր հանցագործությունների դրվագներ մենք կունենանք, բնականաբար, հանցանքի ծանրությամբ պայմանավորված՝ հույս ունենք, որ մեր գործընկերներն իրավական և արդարացի մոտեցում կցուցաբերեն»,- ասել է Դավթյանը: Հարցին՝ արդյոք նրան մեղսագրվող արարքները հիմա էլ բավականին ծանր չեն, Դավթյանը նշել է, դրանք ծանր են, բայց քրգործի քննությունը շարունակվում է:

«Եթե զուտ իրավական տերմինալոգիայով խոսենք, իհարկե, ծանր են, իսկ բավարար է, թե ոչ, դրա մասին մենք արդեն ասել ենք. ունենք այն, ինչ ունենք: Քրեական գործի քննությունն ակտիվ շարունակվում է, և նրա արտահանձնման խիստ անհրաժեշտությունն ամեն կոնկրետ դրվագով մենք շարունակելու ենք հիմնավորել մեր գործընկերների մոտ: Համենայն դեպս, եթե նրա չարտահանձնումն ընդունելի լիներ, մենք մեր աշխատանքներն այդ ուղղությամբ չէինք շարունակի»:

Արթուր Դավթյանի խոսքով իրենք ռուս գործընկերներից փորձում են ճշտել՝ արդյոք Պողոսյանի արտահանձնումը որևէ կերպ սպառնում է ՌԴ ինքնիշխանությանը և անվտանգությանը:

«Բայց մի գաղտնիք բացահայտեմ, թեև դրա մասին բազմիցս խոսել ենք. այդ նույն գործընթացում կան որոշակի պրոցեդուրաներ, որոնք պետություններն էլ բացահայտելու արգելք ունեն. խոսքը վերաբերում է ապաստանին: Միջազգային կոնվենցիաներն արգելում են ապաստան տված երկրին կամ փաստը, որ անձը դիմում է իրենց՝ ապաստանի խնդրանքով, հրապարակել: Թե որքանով պատճառները կարող են դրանք լինել, փորձում ենք հասկանալ»,- ասել է Դավթյանը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը ռազմավարական գործընկեր է, և ինչպես Միհրան Պողոսյանի, այնպես էլ մյուսների չարտահանձնմանն ինքն այս պահին համընդհանուր գնահատական չի տա, որովհետև յուրաքանչյուր դեպքով կան կոնվենցիայով պաշտպանված, սուբյեկտիվ պատճառներ: «Թե ինչու են բոլորը ՌԴ-ում, երևի մեկնողներից պետք է հարցնել, համենայն դեպս, նրա հետ շատ ավելի բաց շփման ռեժիմներ ունենք: Եթե մի երկրում խստացված վիզային ռեժիմ կա, բնականաբար, այնտեղ չեն կարող գնալ: Առաջիկայում կիմանաք նաև, որ միայն ՌԴ-ն չի, այլ երկրներում էլ են գտնվում: Այսինքն՝ ամեն փախչող իր հնարավորությունների գյորան ունի»,-ասել է գլխավոր դատախազը:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Միհրան Պողոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր արարքների կատարման համար: Ըստ մեղադրանքի՝ Միհրան Պողոսյանը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները: Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում։2019 թ.–ի օգոստոսի 17–ին հայտնի դարձավ, որ Միհրան Պողոսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով հանձնելու` ՀՀ գլխավոր դատախազության միջնորդության բավարարումը ՌԴ գլխավոր դատախազությունը հնարավոր չի համարել: Սեպտեմբերի 3–ին ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը ասել էր, որ ՌԴ-ն չի մերժել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին ՀՀ-ին արտահանձնելու դիմումը, այլ արտահանձնելու անհրաժեշտությունը հիմնավորող լրացուցիչ փաստաթղթեր է պահանջել։ Դեսպանի համոզմամբ՝ տեղի է ունենում զուտ իրավական գործընթաց։