ԱՄՆ Սենատը երրորդ անգամ հրաժարվել է քննարկել սենատորներ Մենենդեսի ու Քրուզի առաջադրած Հայոց ցեղասպանության վերաբերյալ համար 150 բանաձևը: Բանաձևի ընդգրկումը Սենատի օրակարգում դեկտեմբերի 5-ին արգելափակվել է Հյուսիսային Դակոտայի սենատորի կողմից:
ԱՄՆ Սենատում դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսը, կրկին անգամ Սենատում բարձրացնելով Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը, հանդես է եկել հարցադրմամբ՝ «արդյոք ճանաչում ենք Ցեղասպանությունը, որը տեղի է ունեցել, թե պետք է թույլ տանք, որ Թուրքիայի նման երկիրը որոշի մեր սեփական հայացքները, պատմության ընկալումը, բարոյական պարտավորություններն ու հանրային կարծիքը», հայտնում է «Ամերիկայի ձայնը»:
ԱՄՆ Սենատի կանոնակարգի համաձայն օրենսդիրները պետք է նախ կողմ քվեարկեն բանաձևի ընդգրկմանը օրակարգում, որից հետո միայն անցնեն փաստաթղթի բուն քննարկմանն ու քվեարկությանը:
Իր ելույթի ընթացքում սենատոր Մենենդեսը հիշեցրել է, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը վերջերս ճնշող մեծամասնությամբ ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձև և կոչ արել Սենատի իր գործընկերներին հետևել ստորին պալատի օրինակին՝ կողմ քվեարկելով Սենատի համար 150 բանաձևի ընդգրկամնը օրակարգում:
«Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել և դա փաստ է: Այն ժխտելը նշանակում է ժխտել ամենասարսափելի պատմական ոճրագործություններից մեկը»,- նշել է սենատոր Մենենդեսը:
Դեմոկրատ սենատորին միացել է իր հանրապետական գործընկեր, սենատոր Թեդ Քրուզը, ով ընդգծել է՝ Հայոց ցեղասպանությունը անհերքելի փաստ է, և ԱՄՆ բարոյական պարտավորություն ունի անմեղ զոհերի հիշատակի առջև: Քննադատելով Թուրքիայի վարած քաղաքականությունը հանրապետական սենատորը վստահություն է հայտնել, որ ճանաչումը որևէ բացասական հետևանք չի ունենա ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների վրա:
«ՆԱՏՕ-ի անդամ 12 երկրներում Ցեղասպանությունն արդեն ճանաչված է։ Այո, Թուրքիան ՆԱՏՕ-ի դաշնակից է, սակայն դաշնակիցները պետք է ասեն ճշմարտությունը միմյանց»,- ընդգծել է սենատոր Քրուզը:
Բանաձևի առաջադրմանը սակայն դեմ է հանդես եկել Հյուսիսային Դակոտա նահանգից հանրապետական սենատոր Քևին Քրամերը: Նախկին կոնգրեսական, իսկ 2018 թվականից սենատի անդամ Քրամերը գտնում է՝ այսօր ճիշտ ժամանակը չէ բանաձևի ընդունման համար:
«Ես կողմ եմ այս բանաձևի ոգուն ու վստահ եմ, որ իմ 99 մյուս գործընկերները ևս համամիտ են այս բանաձևի հետ: Մենք կարող ենք այն անցկացնել, սակայն հարցն այն է, թե ե՞րբ է պետք դա անել: Իմ կարծիքով այժմ հաստատ դրա ժամանակը չէ»,-ասել է նա:
Ըստ ԱՄՆ Սենատի կանոնակարգի, մեկ սենատոր կարող է արգելափակել յուրաքանչյուր հարցի քննարկում: Այսպիոսով Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդգրկումը Սենատի օրակարգում դեկտեմբերի 5-ին արգելափակվել է Հյուսիսային Դակոտայի սենատորի կողմից:
Արձագանքելով դրան՝ սենատոր Մենենդեսն ընդգծել է, որ դժվար է ընտրել ճիշտ ժամանակ այս քայլի համար: Նա վստահեցրել է, որ կշարունակի պայքարել ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: