6 դեկտեմբերի 2019 - 17:56 AMT
ՀՀ ԱԳ նախարարն ու ԵԱՀԿ նախագահը կարևորել են ԼՂ հարցում խաղաղությանը նպաստող քայլերը

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և ԵԱՀԿ գործող նախագահը, Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակը կարևորել են խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը: Այդ առնչությամբ դրական է գնահատվել Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի ԶԼՄ ներկայացուցիչների միջև փոխանակման ծրագրի իրականացումը:

Հանդիպումը տեղի է ունեցել Բրատիսլավայում ընթացող ԵԱՀԿ 26-րդ նախարարական համաժողովի շրջանակներում:

Նախարար Մնացականյանը Միրոսլավ Լայչակին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Նախարար Մնացականյանը կարևորել է իր սլովակ գործընկերոջը ԵԱՀԿ-ում հաջող նախագահությունը՝ նշելով, որ անցած մեկ տարվա ընթացքում ծավալվել է արդյունավետ համագործակցություն Սլովակիայի նախագահության առաջնայնությունների իրականացման և կազմակերպության նպատակների առաջմղման ուղղությամբ:

Զոհրաբ Մնացականյանը և Միրոսլավ Լայչակն անդրադարձել են նաև հայ-սլովակական օրակարգի մի շարք հարցերի՝ ուրվագծելով երկկողմ համագործակցությունն ընդլայնելու ներուժի լիարժեք կիրառման ուղղությամբ առաջիկայում ձեռնարկվելիք քայլերը: Երկուստեք կարևորվեց տարբեր մակարդակներում երկխոսության ակտիվացումը, այդ թվում՝ փոխայցելությունների և արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացման միջոցով: