11 դեկտեմբերի 2019 - 19:15 AMT
Պապոյանը՝ ՍԴ անդամներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին. Պետք է գնահատեն ԱԺ-ի և կառավարության ժեստը

Սահմանադրական դատարանի անդամները պետք է գնահատեն այն ժեստը, որ Ազգային ժողովը և կառավարությունն այդ օրենսդրական նախաձեռնության միջոցով կատարում են։ Այս մասին ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ պատասխանելով ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի օրենքին վերաբերող հարցին, հաղորդում է Aysor.am-ը:

Պապոյանը նշել է, որ օրինագծի քվեարկությանն անձամբ չի մասնակցել, քանի որ գործուղման է եղել Քաթարում՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը, ինչպես նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Թագուհի Ղազարյանը և Արեն Մկրտչյանը։

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նշել է, որ այս օրենքը կարող է խարխլել երկրի և պետականության հիմքերը: «Մենք կարծում ենք՝ այս թեզը ճիշտ չէ, որ նպաստ տալը 7 հոգու չի կարող երկրի զարգացման համար հիմնարար դրույթ լինել: Մենք միանշանակ դեմ ենք սրան, չի կարող այսպիսի անհեռանկար գործիքը լինել երկրի զարգացման հիմք, հակառակը՝ սա կարող է խարխլել երկրի, պետականության հիմքերը», - ասել է Միքայել Մելքումյանը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը նշել է, թե իշխանությունը ցանկանում է նախագահ ունենալ ամեն տեղ և չի թաքցնում դա:

«Հիմա եկել են հեղափոխական ուժեր, փորձում են անել նույն բանը, ինչ՝ նախորդները: Դա կարող է հղի լինել շատ վատ հետևանքներով, այստեղ հեռատեսություն է պետք, որ երկրի շահը գերակա համարվի կուսակցական նեղ շահերից: Կան խնդիրներ ամբողջ դատական համակարգում, այդ թվում՝ Սահմանադրական դատարանում նրանց աշխատանքի անարդյունավետության առումով, բայց դա անվանել ճգնաժամ չի կարելի», - ասել է պատգամավորը:

Դեկտեմբերի 11-ին Ազգային ժողովն ընդունել է Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրենքի նախագիծը: Կողմ է քվեարկել 75 պատգամավոր, դեմ՝ 34-ը: Նախագիծն ընդունվել է երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ:

«Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքում» լրացումներ կատարելու և «Պաշտոնատար անձնաց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթով նախատեսվում է՝ ՍԴ դատավորները կարող են կամավոր վաղաժամ կենսաթոշակի անցնել և ստանալ այդ պահին տրվող իրենց աշխատավարձի չափով թոշակ։