18 նոյեմբերի 2008 - 15:03 AMT
Ֆիլիպ դե Վիլյե. Հայոց ցեղասպանության ճանաչումն անգամ Թուրքիայի առջեւ չի բացի Եվրամիության դռները
Թուրքիան ոչ մի հանգամանքներում չի դառնա ԵՄ անդամ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ֆրանսիական «Շարժում դեպի Ֆրանսիա» կուսակցության առաջնորդ, Եվրոպական խորհրդարանի անդամ Ֆիլիպ դե Վիլյեն: Նրա խոսքերով, այդ հարցում Ֆրանսիայի դիրքորոշման առաջին եւ գլխավոր պատճառն այն է, որ աշխարհագրորեն Թուրքիան գտնվում է Ասիայում: «Այդ երկիրը Եվրոպայից նույնքանով էլ հեռու է մշակույթի, դավանանքի, մարդու իրավունքների ոլորտներում: Ավելին, Թուրքիայի ընդունումը ԵՄ կնշանակի թուրքական մեծամասնություն Եվրոպական խորհրդարանում, իսկ դրան մենք երբեք չենք գնա»,- ընդգծել է դե Վիլյեն:

Նա ընդգծել է, որ եթե անգամ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում, ապա այդ քայլն էլ նրա առջեւ չի բացի Եվրամիության դռները: «Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, դա նրա բարոյական պարտքն է, բայց դա ԵՄ անդամության պայմանը չէ: Այդ առումով, Ֆրանսիային ավելի մոտ է Հայաստանը, որը նույն բարոյական արժեքներն է դավանում, ինչ եվրոպացիները»,- ընդգծել է ֆրանսիացի քաղաքական գործիչը` ավելացնելով, որ հասարակական կարծիքի հարցման վերջին արդյունքներով, Ֆրանսիայի բնակչության 80% հանդես են գալիս Թուրքիայի ԵՄ մտնելու դեմ: