16 դեկտեմբերի 2019 - 17:11 AMT
Սերժ Սարգսյանի հանդեպ քրհետապնդման որոշումը կբողոքարկվի դատարանում

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումը՝ գործառութային անձեռնմխելիության հիմքով, դադարեցնելու հարցը կբարձրացվի դատարանում։

Այս մասին հայտնել է Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը՝ հավելելով նաև, որ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու բողոքը մերժվել է դատախազության կողմից, հաղոդրում է Pastinfo.am-ը:

Սարգսյանի պաշտպանը մերժումը որակել է անհիմն՝ նշելով, որ դատախազությունն անտեսել է ՀՀ Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 4-ի որոշումը, յուրովի մեկնաբանել գործող իրավակարգավորումները։ Մակինյանը նշել է, որ առաջիկա օրերին բողոք կներկայացվի դատարան:

Դեկտեմբերի 4-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Ըստ ՀՔԾ հաղորդագորւթյան, զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, նա իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականին կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489 մլն ՀՀ դրամի հափշտակությունը: Երրորդ նախագահի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։

Փաստաբան Մակինյանը հայտարարել էր, որ չի հաղթահարվել Սերժ Սարգսյանի գործառութային անձեռմխելիությունը։ «ՀՀ նախագահը, համաձայն 2005թ. և 2015թ. Սահմանադրության, անձեռնմխելի է։ Պարոն Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման մեջ այդ մասին ձևակերպում կա, որ պաշտոնական դիրքի օգտագործմամբ ինչ-ինչ գործողություններ է կատարել։ Մինչդեռ՝ Սահմանադրությունն ուղղակի արգելք է սահմանում»,- ասել էր Մակինյանը։