20 դեկտեմբերի 2019 - 15:08 AMT
Comparitech. Facebook-ի մոտ 267 մլն օգտատիրոջ տվյալների արտահոսք է եղել

Facebook-ի մոտ 267 մլն օգտատիրոջ անձնական տվյալների արտահոսք է եղել: Այդ մասին ասվում է բրիտանական Comparitech հետազոտական ընկերության հաղորդագրության մեջ:

Մասնագետները համացանցում հայտնաբերել են Facebook-ի օգտատերերի անուններ, հեռախոսներ և այլ տեղեկություններ պարունակող տվյալների բազա: Այդ տվյալներին կարելի է ծանոթանալ առանց գաղտնաբառի և գրանցման:

Տվյալների հիմնական մասը պատկանում է ԱՄՆ օգտատերերին, գրում է «Վեդոմոստին»:

Comparitech ընկերությունը համագործակցել է կիբերանվտանգության անկախ փորձագետ Բոբ Դյաչենկոյի հետ: Նա հայտնել է բազայի մասին պրովայդերին, որպեսզի հնարավոր լինի արգելափակել մուտքը բազա: Ըստ ընկերության փորձագետների, բազան հավաքել են հաքերները Վիետնամից:

Այն հրապարակվել է համացանցում դեկտեմբերի 4-ին, 10 օր հետա այն հայտնաբերել է Դյաչենկոն: Տվյալների բազայի հասանելիությունն արդեն սահմանափակված է:

Facebook-ը փոխել է մոտեցումը տվյալների օգտագործմանը 2018-ին Cambridge Analytica-ի հետ առաջացած սկանդալից հետո: Այդ բրիտանական կազմակերպությունը Facebook-ի օգտատերերի անհատական տվյալներ էր հավաքում ընտրողների քաղաքական դիմանկարը ստանալու համար: Կազմակերպությունը գործակցել է Թրամփի նախընտրական շտաբի հետ: Ընկերության գործողությունները կարող էին անդրադառնալ ավելի քան 87 մլն օգտատերերի վրա: