21 նոյեմբերի 2008 - 14:41 AMT
Լատվիան պատրաստ է եվրաինտեգրման իր փորձը կիսել Հայաստանի հետ
Պաշտոնական այցով Լատվիայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Լատվիայի Հանրապետության նախագահ Վալդիս Զատլերսի հետ: Այդ մասին PanARMENIAN.Net-ին են հաղորդել ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում: Ողջունելով Էդվարդ Նալբանդյանին Վալդիս Զատլերսը նշեց, որ Լատվիան շահագրգռված է բարակեմական Հայաստանի հետ հարաբերությունների առավել խորացման եւ ամրապնդման մեջ: Հիշատակելով ս.թ. սեպտեմբերին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ Նյու Յորքում տեղի ունեցած հանդիպումը, Վալդիս Զատլերսը հայտնեց, որ ցանկություն ունի հաջորդ տարվա ընթացքում այցելել Հայաստան:
Շնորհավորելով Վալդիս Զատլերսին Լատվիայի պետականության 90-ամյակի կապակցությամբ, Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ երկու երկրների միջեւ գոյություն ունեցող բարձր մակարդակի քաղաքական երկոոսությունը, եւ ընդարձակ իրավապայմանագրային դաշտը լավ հիմք են հանդիսանում փոխգործակցության հետագա ընդլայման համար: Հայաստանի արտգործնախարարը Լատվիայի նախագահին ներկայացրեց արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման բանակցային գործընթացը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունները:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստան - Եվրոպական Միություն հարաբերություններին: Ի նկատի ունենալով եվրաինտեգրման բնագավառում Լավիայի կուտակած փորձը նախագահ Զատլերսը պատրաստակամություն հայտնեց համակողմանի աջակցություն ցույց տալ Հայաստանին այդ ուղղությամբ:
Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը այցելեց Ռիգայի հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, ուր հանդիպում ունեցավ եկեղեցական խորհրդի անդամների հետ:
Նոյեմբերի 20-ի օրվա երկրորդ կեսին ավարտելով Լատվիա պաշտոնական այցելությունը, Էդվարդ Նալբանդյանը մեկնեց Էստոնիա: