22 նոյեմբերի 2008 - 13:31 AMT
Երեւանի դիրքորոշումն անփոփոխ է. Թուրքիայի հետ հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների
Ստամբուլի մեկօրյա այցի ընթացքում, որը տեղի կունենա նոյեմբերի 24-ին, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը թուրքական ԱԳՆ ղեկավարի նախաձեռնությամբ կհանդիպի Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանի հետ: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդել են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում, այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի հետ կապերի գծով բաժնի պետ Տիգրան Բալայանը: «Հանդիպմանը կքննարկվի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը: Հարաբերությունների կարգավորում ասելով` մենք հասկանում ենք առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատում եւ սահմանների բացում»,- ընդգծել է Բալայանը:

Էդվարդ Նալբանդյանը Ստամբուլ կայցելի նոյեմբերի 24-ին, որպեսզի մասնակցի Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍՏՀԿ) քարտուղարության հանդիպմանը:

Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, հայ-թուրքական սահմանը Թուրքիայի կողմից 1993թ. փակվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով, որում Թուրքիան օժանդակում է Ադրբեջանին: