7 հունվարի 2020 - 11:27 AMT
ԵՄ երկրների ԱԳ նախարարները հունվարի 10-ին Իրանի վերաբերյալ հանդիպում կունենան

Եվրամիությունը պաշտոնապես հաստատել է ԵՄ անդամ 28 երկրի ԱԳՆ ղեկավարների արտահերթ հանդիպումը Բրյուսելում։ Այդ մասին Twitter-ում գրել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գծով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

«Ես մեր անդամ պետությունների ԱԳ նախարարների արտահերթ հավաք եմ կազմակերպելու հունվարի 10-ին, օրվա երկրորդ կեսին՝ քննարկելու համար վերջին իրադարձություններն Իրաքում և Իրանում։ ԵՄ-ն իր դերակատարումը կունենա տարածաշրջանում լարվածության նվազեցման գործում», - հայտարարել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։

Ըստ որոշ աղբյուրների, քննարկվելու է նաև Իրանի հետ միջուկային գործարքը։ Դեռ հայտնի չէ, թե արդյոք հանդիպմանը հրավիրված է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը։

Հունվարի 10-ին այդ նույն հարցերը քննարկվելու են Եվրահանձնաժողովի արտահերթ հանդիպմանը, իսկ հունվարի 14-ին՝ ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեի նիստում՝ գլխավոր շտաբերի պետերի մակարդակով։

Հունվարի 3-ին ԱՄՆ կողմից Բաղդադի օդանավակայանի հրթիռակոծման հետևանքով սպանվել էր իրանցի գեներալ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար Ղասեմ Սոլեյմանին։ Ավիահարվածը հասցվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով, Կոնգրեսը հարձակման մասին նախապես տեղյակ չէր պահվել։ Պաշտոնական Թեհրանը պաշտպանության նախարար Ամիր Խաթամիի շուրթերով վրեժ է խոստացել ԱՄՆ-ին։ Իրանի հոգևոր առաջնորդ Խամենեին ևս խոստացել է, որ ավիահարվածի կազմակերպիչներին «դաժան վրեժ է սպասվում»։