24 նոյեմբերի 2008 - 13:02 AMT
Turkish Airlines ավիաընկերությունը պատրաստվում է չվերթներ իրականացնել դեպի Երեւան
Turkish Airlines (THY) ավիաընկերությունը պատրաստվում է չվերթներ իրականացնել դեպի Երեւան: THY տնօրինությունը նամակ է հղել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանն (ԻԿԱՕ) ու Թուրքիայի արտգործնախարարությանը, որտեղ ասվում է, որ չեվրթային թռիչքները Երեւան անհրաժեշտ են «ըստ Թուրքիայի ազգային շահերի»: Հարցը վերջնականապես կլուծվի արտգործնախարարի պատասխանից հետո: Ինչպես գրում է թուրքական Today's Zaman թերթը, Անկարան շահագրգիռ է այս հարցում: Ներկայումս Atlasjet մասնավոր ավիաընկերությունն է չվերթներ իրականացնում Երեւանի ու Ստամբուլի միջեւ:

«THY կարեւոր դեր է կատարում Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ: Ավիաընկերությունը արտաքին քաղաքականության կարեւոր գործիք է եւ միշտ կատարում է ԱԳՆ խնդրանքը, երբ խոսքը գնում է դեպի արտերկիր նոր չվերթերի բացման մասին»,-հայտարարել է բարձրաստիճան մի պաշտոնյա, որ չի ցանկացել նշել իր անունը:

Հայ-թուրքական հարաբերություններն ակտիվացան սեպտեմբերի 6-ին Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի Երեւան կատարած այցից հետո: Նոյեմբերի 24-ին ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը եւ նրա թուրք գործընկեր Ալի Բաբաջանը բանակցություններ կվարեն Ստամբուլում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ: Ներկայումս «Արմավիա» ավիաընկերությունը չվերթներ է կատարում դեպի Ստամբուլ եւ Անթալիա:

Հայ-թուրքական սահմանը պաշտոնական Անկարան փակել է 1993թ. ի վեր ղարաբաղյան հակամարտության պատճառով, որտեղ Թուրքիան սատարում է Ադրբեջանին: