Իրանի իշխանությունները օդանավաշինարարական Boeing ընկերությանը չեն փոխանցի Թեհրանում «Ուկրաինայի միջազգային ավիաընկերության» ինքնաթիռի կործանման վայրում հայտնաբերված սև արկղերը:
«Դեռևս պարզ չէ, թե ուր են ուղարկվելու սև արկղերը հետագա վերծանման և վերլուծության համար»,- ասել է Իրանի Քաղավիացիայի կազմակերպության ղեկավար Ալի Աբեդզադեն, Reuters-ին հղումով հայտնում է Strana.ua-ն:
Հունվարի 8-ի վաղ առավոտյան Թեհրանի Իմամ Հոմեյնիի անվան միջազգային օդանավակայանի մոտ թռիչքից անմիջապես հետո ուկրաինական ինքնաթիռը կործանվել էր: Դրանում 176 մարդ կար, բոլորը զոհվել էին : Զոհերի ցանկում ՀՀ քաղաքացիներ չկան։ Իրանի իշխանությունները որպես վթարի պատճառ նշել են շարժիչի բռնկումն ու ինքնաթիռի կառավարումը վերականգնելու անձնակազմի անհաջող փորձը: