Ավստրալիային 100 տարի կպահանջվի անտառային հրդեհներից հետո վերականգնվելու համար: Ըստ հրշեջ ծառայության՝ հենց այդքան է պետք երկիրն այն վիճակին վերադարձնելու համար, որը կար դրանցից առաջ:
Ըստ ՆԱՍԱ-ի՝ հրդեհների ծխի շլեյֆն «առնվազն մեկ ամբողջական պտույտ կանի երկրագնդի շուրջ, ինչը կազդի ամբողջ աշխարհի մթնոլորտային պայմանների վրա»,- հայտնում է Ինտերֆաքսը:
Բացի այդ, երկինքը Նոր Զելանդիայում «կտրուկ փոխել է գույնը»՝ լուրջ խնդիրներ կան «օդի որակի հետ կապված»:
Ամանորին ավստրալական հրդեհների ծխի հետքերը նկատվել են Հարավային Ամերիկայում, իսկ հունվարի 8-ին ծխի շլեյֆն արդեն «կիսով չափ շրջանցել էր երկրագունդը»:
Ակնկալվում է, որ ավելի հով եղանակային պայմաններն ու կանխատեսվող անձրևները կօգնեն պայքարել հրդեհների դեմ:
Ավստրալիայի արևելքում դեռ հրդեհի 100-ից ավելի ակտիվ օջախ կա: Նշվում է, որ հրդեհները ոչնչացրել են կոալաների պոպուլյացիաների մեկ երրորդը:
Վայրի բնության համաշխարհային հիմնադրամն իրազեկել է այդ երկրի կառավարությանը, որ կենդանիների 13 տեսակի բնակվելու միջավայրը սպառնալիքի տակ է, կամ լրջորեն վնասված:
Հունվարի 14-ին հայտարարվել էր, որ Մելբուրնում օդի վիճակը զգալի վատթարացել է քամու ուղղության փոփոխության պատճառով:
Հրդեհներն Ավստրալիայի ամբողջ տարածքում սկսվել էին 2019-ի աշնանը, որոնց արդյունքում առնվազն 28 մարդ է մահացել: Կրակն առնվազն 10 մլն հա անտառ է ոչնչացրել Ավստրալիայում: Հրդեհները հիմնականում մոլեգնում էին Նոր Հարավային Ուելսի տարածքում և Վիկտորիայում: