16 հունվարի 2020 - 17:39 AMT
Հնդկաստանում առաջին «Արմաթ» լաբորատորիան կբացվի

Փետրվարի սկզբին Հնդկաստանի Գուջարաթ նահանգի Վադոդարա քաղաքում կբացվի առաջին «Արմաթ» ինժեներեկան լաբորատորիան։

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների հիմնման ծրագիրը նախաձեռնել և իրականացնում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ)։ Այժմ Հայաստանի, Արցախի և Վրաստանի տարածքում գործում է 280-ից ավելի լաբորատորիա, որտեղ ավելի քան 7500 երեխա անվճար ինժեներական կրթություն է ստանում։

«Գործակցության ֆորմատն այնքանով է բացառիկ, որ ոչ թե Հնդկաստանից են ապագա խմբակավարներ գալիս Հայաստան վերապատրաստման, այլ այստեղից են «Արմաթ» լաբորատորիաների խմբակավարներից երկուսը վեց ամսով մեկնում Հնդկաստան՝ այնտեղ անցկացնելու դասընթացներ երեխաների համար և վերապատրաստումներ՝ ապագա խմբակավարների համար», - նշել է «Արմաթ» ծրագրի համակարգող Աննա Սարգսյանը։

«Հնդկաստանի մեր գործընկերները, տպավորված այն արդյունքներով, որ իրենք տեսան Հայաստանում WCIT 2019-ին իրենց այցի ընթացքում ու դրանից առաջ, ուզում էին վստահ լինել, որ Հնդկաստանում գոնե մոտ որակ կստանան, այդ իսկ պատճառով խնդրեցին, որ մեր խմբակավարները գնան և դասընթացներ անցկացնեն», - հավելել է ԱՏՁՄ ներկայացուցիչը։

ԴիջիԹեք 2019-ի բացման արարողությանը «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների տաղավարում կրթական ծրագիրը Հնդկաստան արտահանելու մասին պայմանագիր էր ստորագրվել: